«04» ապրիլի 2016թ.
ԻՎ-ե-36
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-975-01.04.2016-ՊԻ-010/0) եւ ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9751 -01.04.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «այսուհետ՝ օրենք» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ տվյալ նախագիծը «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին հղում այլեւս չի պարունակում:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ, որտեղ նշվում է, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է (այդ ձեւակերպումը, ի դեպ, կա նաեւ Օրենքի գործող տեքստում): Առաջարկում ենք այդ նախադասությունը հանել, քանի որ հայեցողական պաշտոնների թվարկումը տրված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում, որտեղ էլ որ նշված է տեսչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների՝ հայեցողական պաշտոններ լինելու մասին: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասից, որի համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները:

3. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասի «7-րդ մասից» բառերն առաջարկում ենք փոխարինել «5-րդ մասի 7-րդ կետից» բառերով, քանի որ նախ՝ Օրենքի 8-րդ հոդվածը 7-րդ մաս չունի, երկրորդ՝ հանելու ենթակա բառերն իրականում այդ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում են:

4. ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով, որպեսզի հստակ լինի, որ տվյալ նախագծի 2-4-րդ հոդվածների հղումները կատարվում են հենց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)