«09» մարտի 2016թ.                                                                                                           ԻՎ-ե-20

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-947-12.02.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 36-րդ կետով նախատեսվում են դրույթ, որի համաձայն՝ նվազեցվող եկամուտներ են համարվում ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող հարկ վճարողի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները: Այսինքն՝ նշված դրույթի համաձայն՝ բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ մասնաճյուղին, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությանը («Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված) տրվում են եկամտային հարկի վճարման արտոնություններ, ինչը չի բխում «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն. «Ազատ տնտեսական գոտում հարկային եւ մաքսային փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային օրենսդրությամբ` հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ »: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ազատ տնտեսական գոտու շահագործողներին եկամտային հարկի վճարման արտոնություններ չեն տրվում:

2. Նախագծի 1-ին հոդվածի «եկամուտների չափով» բառերն անհրաժշետ է փոխարինել «եկամուտները» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)