«10» սեպտեմբերի 2015 թ.                                                                                                ԻՎ-ե-96

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-847-18.08.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի 1-ին մասով պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով ՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 1-ին գլխում՝ «Սահմանադրական կարգի հիմունքներ» վերտառությամբ, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ինչից բխում է, որ պետության ինքնիշխանությունը, կառավարման ձեւը, մարդու իրավունքներն ու ազատությունները, որպես անմիջականորեն գործող իրավունք մտնում են սահմանադրական կարգի մեջ: Պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական-իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ եւ արտաքին հարաբերություններում՝ անկախությամբ[1] :

ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴՈ-766 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ երկրի սահմանադրական կարգն իրենից ներկայացնում է հասարակության հիմնարար հարաբերությունների կանոնակարգման, պետական իշխանության կազմակերպման, անհատ-պետություն փոխհարաբերությունների սահմանադրորեն ամրագրված համակարգը: Վերջինիս հիմքում դրվող արժեքների եւ սկզբունքների ամբողջականությունն առանձնացվում է որպես երկրի սահմանադրական կարգի հիմունքներ:

Նույն իրավական դիրքորոշման համաձայն՝ «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր» եւ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» հասկացությունները ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետք է հասկանալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմինների պետաիշխանական գործառույթներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ ` բռնությամբ կամ դրա գործադրման անմիջական եւ իրական սպառնալիքով տիրանալու համար գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ պետության ինքնիշխանությունը մտնում է սահմանադրական կարգի մեջ: Ուստի Նախագծով կատարվող փոփոխության նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ սահմանադրական կարգն արդեն իսկ ներառում է պետության ինքնիշխանությունը եւ որի՝ սահմանդրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար ՀՀ քրեական օրենսգրքի գործող՝ 301-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսում է համապատասխան պատիժ:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

ՀՀ քրեական օրենսգրքի գործող 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն է, ինչպես նաեւ պետության անվտանգությունը, իսկ օբյեկտիվ կողմը դրսեւորվում է գործողությամբ՝ հրապարակային կոչեր անելով, որոնք ուղղված են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:

Կոչերը դրսեւորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ՝ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը եւ այլն [2] :

Այսինքն՝ գործող հոդվածը արդեն իսկ պատիժ է նախատեսում տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան



[1] Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / ընդհանուր խմբագրությամբ Գ.Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. - Եր.: «Իրավունք», 2010, 172-176 էջեր:

[2] Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Հատուկ մաս (երկրորդ հրատարակություն՝ փոփոխություններով եւ լրացումներով)./ Ս. Առաքելյան, Ա. Գաբուզյան, Հ. Խաչիկյան, Գ. Ղազինյան, Ն. Մաղաքյան, Ա. Մարգարյան, Տ. Սիմոնյան, Վ. Քոչարյան. - Երեւանի պետ. համալս. - Եր.: Երեւանի համալս. հրատ., 2006, էջ 40: