«20» հուլիսի2015 թ.                                                                                                             ԻՎ-ե-80

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երկաթուղային տրանսպորտի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-803-01.06.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Երկաթուղային տրանսպորտի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հավելվածի 15-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման վայրերը պետք է ունենան պատշաճ կերպով կահավորված կառույցներ եւ սարքավորումներ՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Այդ առումով, եթե նշված պահանջները չեն վերաբերելու «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասով նախատեսված՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններին, կարգերին կամ տեխնիկական՝ քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման նորմերին, ապա Նախագծի նշված դրույթները կհակասեն ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, քանի որ հակառակ պարագայում կստացվի որ ՀՀ կառավարության որոշումներով եւ այլ իրավական ակտերով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար կսահմանվեն պարտականություններ:

2. Նախագծի 2-րդ հավելվածի 46-րդ կետի համաձայն՝ բեռնառաքողները, բեռ ստացողները, փոխադրողները, ենթակառուցվածքի կառավարիչը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը:

3. Նախագծի 2-րդ հավելվածի 159-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ուղեւորի եւ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

4. Նախագծի 2-րդ հավելվածի 164-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ուղեւորի համար պատասխանատվության առաջացման հիմքերը հաստատվում են առեւտրային ակտերով: Այսինքն՝ հիշյալ դրույթների համաձայն՝ առեւտրային ակտերով սահմանվելու են պատասխանատվության հիմքեր, որոնք ըստ էության ոչ այլինչ են, քան ուղեւորների իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներ, իսկ նշված հիմքերի առկայության դեպքում ուղեւորը ենթարկվելու է պատասխանատվության, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը:

5 . Նախագծ ի 2-րդ հոդվածով նախատեսված դրույթներն անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 1-ին հոդվածով, իսկ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված դրույթները՝ 2-րդ հոդվածով՝ պահպանելով օրենքի փոփոխվող դրույթների տրամաբանական հաջորդականությունը:

6. Նախագծի 2-րդ հավելվածի 55-րդ կետում միջազգային նորմերով սահմանված կարգին կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որոնց համաձայն նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հավելվածի 75-րդ կետում սահմանված կարգին կատարված հղմանը:

7. Նախագծի 2-րդ հավելվածի 56-րդ կետում պարզ չէ, թե փոխադրման, բեռնման, բեռնաթափման, դրանց պահպանման եւ մաքսային հսկողության հետ կապված ծախսերի իրականացման պարտավորությունըոր դեպքում է կրելու բեռնառաքողը, իսկ որ դեպքում՝ բեռը ստացողը: Այդ առումով նշված դրույթները հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակ կանոնակարգել բեռնառաքողի կողմից եւ բեռը ստացողի կողմից՝ փոխադրման, բեռնման, բեռնաթափման, դրանց պահպանման եւ մաքսային հսկողության հետ կապված ծախսերի իրականացման դեպքերը՝ հստակ տարանջատելով դրանք իրարից:

8. Նախագծի 2-րդ հավելվածի 74-րդ կետի համաձայն՝ փոխադրողը տեղեկացնում է նաեւ մաքսային մարմիներին, եթե անհաղթահարելի ուժն առաջանում է մաքսային հսկողության տակ գտնվող բեռների փոխադրման ժամանակ: Պարզ չէ, թե ինչ ժամկետում եւ ինչ կարգով է փոխադրողը տեղեկացնելու մաքսային մարմիններին:

9. Նախագծի 2-րդ հավելվածի 115-րդ կետը հակասում է նույն հավելվածի 117-րդ կետին: Այսպես՝ Նախագծի 2-րդ հավելվածի 115-րդ կետով սահմանվում է իմպերատիվ պահանջ, որի համաձայն՝ առանց փոխադրողի կամ բեռը ստացողի մասնակցության անցկացված փորձաքննության արդյունքներն անվավեր են, մինչդեռ նույն հավելվածի 117-րդ կետը նախատեսում է առանց փոխադրողի կամ բեռը ստացողի մասնակցության փորձաքննության անցկացման կարգ, ինչը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն ներքին հակասությունները: Ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հավելվածի 117-րդ կետը նախատեսել բացառության տեսքով եւ այն ներառել Նախագծի 2-րդ հավելվածի 115-րդ կետում:

10. Նախագծի 2- րդ հավելվածով կարգավորվում են երկաթուղային տրանսպորտի կազմակերպման եւ գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Գտնում ենք, որ նշված կարգը չի կարող կարգավորել այն հարաբերությունները, որոնք ծագում են երկաթուղային տրասպորտով փոխադրումներ իրականացնելիս մասնավոր անձանց միջեւ, քանի որ այդ հարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերով: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ գլուխը կարգավորում է կողմերի պարտավորությունների կատարումը, այդ պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունը եւ դրա հիմքերը, իսկ 44-րդ գլուխը՝ փոխադրման պայմանագրի կնքման կարգը, ձեւը, էական պայմանները: Ավելին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 854-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով եւ դրանց համապատասխան հրապարակված կանոններով կարող են որոշվել միայն փոխադրման ընդհանուր պայմանները: Միաժամանակ այդ օրենքները չեն կարող հակասել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան