«19» հունիսի2015 թ.                                                                                       ԻՎ-ե-74


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-802-01.06.2015-ՏՀ-010/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8021 -01.06.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) կատարվող փոփոխություններն առանձնացնել եւ շարադրել առանձին հոդվածներում:

2. Նախագծի 2-րդ հոդվածովՕրենքում կատարվում է լրացում, մասնավորապես` նոր՝ 6.1-ին հոդվածով սահմանվում են պետական լիազոր մարմնի կողմից կայացված որոշման ծանուցման եւ այլ ծանուցումների ժամկետները:

Նշված հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության համաձայն` պետական լիազոր մարմինը, որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով որոշումն ուղարկում է հայտատուին: Հարկ է նշել, որ գործող օրենքում ծանուցման վերոհիշյալ եղանակներն արդեն իսկ ամրագրված են Օրենքի 2-րդ հոդվածի «ծանուցում» հասկացության ներքո, որի համաձայն` ծանուցումն իրենից ներկայացնում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ, այդ թվում` էլեկտրոնային եղանակով կամ առձեռն ստացականով ծանուցագրի հանձնում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված են ծանուցման եղանակները, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն առ այն, որ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, առաջարկում ենք 6.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «փոստով կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված ծանուցման եղանակներից մեկով» բառերով:

Նույն դիտարկումը վերաբերում է 6.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությանը:

Ավելին, նշված 6.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության համաձայն` որոշումներն ուղարկվում են հայտատուի կողմից նախընտրած սույն մասում նշված եղանակներից մեկով, իսկ երրորդ նախադասությամբ սահմանվում է, որ անկախ հայտատուի կողմից նախընտրած եղանակից` հայտատուն կարող է նաեւ սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն: Գտնում ենք, որ նշված երկու նախադասությունները նման խմբագրությամբ շարադրելը հանգեցնում է դրույթների ոչ հստակ եւ տարաբնույթ ընկալման, մասնավորապես` մի դեպքում, հայտատուն անձամբ է որոշում իրեն ծանուցելու նախընտրած եղանակը, մյուս դեպքում, անկախ նախընտրած ծանուցման եղանակից, վերջինս իրավունք ունի նույն որոշումը ստանալ առձեռն: Նշված խմբագրությունից կարելի է եզրակացնել, որ պետական լիազոր մարմինն Օրենքով սահմանված որոշումները կայացնելիս, այդ թվում` հայտի հրապարակման եւ ըստ էության փորձաքննության մասին, ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին եւ այլ որոշումները, որոշման երկու բնօրինակ փաստաթուղթ է կազմում, որոնք երկուսն էլ տրամադրվում են հայտատուին` մեկը՝ վերջինիս նախընտրած եղանակով, մյուսը` առձեռն: Միաժամանակ, տրամաբանական չէ, թե ինչու առձեռն ծանուցման եղանակը չի դասվում հայտատուի նախընտրած եղանակների շարքին` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքում ծանուցում հասկացության մեջ ընդգրկվում է նաեւ ծանուցման առձեռն եղանակը:

Հաշվի առնելով վերոհիշյալը` առաջարկում ենք նշված 6.1-ին հոդվածի 1-ին մասից հանել 3-րդ նախադասությունը, իսկ 2-րդ նախադասությունում` «սույն մասում նշված» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված» բառերով կամ հանել 2-րդ նախադասությունը, իսկ 6.1-ին հոդվածի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պետական լիազոր մարմինը, որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված, հայտատուի նախընտրած ծանուցման եղանակներից մեկով որոշումն ուղարկում է հայտատուին:»:

3. Օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունում ամրագրված է պետական լիազոր մարմնի որոշումներից զատ Օրենքով նախատեսված այլ ծանուցումների կատարման ժամկետը: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է` իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի, առաջարկում ենք հստակեցնել «այլ ծանուցումները» եզրույթը, որը գործող օրենքում չի կիրառվում:

Միաժամանակ, առաջարկում ենք 6.1-ին հոդվածի 2-րդ մասը «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ` «սույն օրենքով սահմանված, հայտատուի նախընտրած ծանուցման եղանակներից մեկով»:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան