«18» մայիսի 2015 թ.                                                                                                   ԻՎ-ե-52

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-788-15.05.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «հուլիսի 18-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «հունիսի 21-ի» բառերով՝ ճշգրտելու համար «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունման ամիսն ու ամսաթիվը: Բացի այդ՝ առաջարկում ենք նույն հոդվածի «2014» թվից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ պահպանելու համար «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը , օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

2. Քանի որ Նախագիծը նպատակ ունի վերականգնել երբեմնի «վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, առաջարկում ենք Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է, թե որ բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար են տրվում պատվավոր կոչումները, «ճարտարապետության,» բառից հետո լրացնել «շինարարության,» բառը:

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հետեւաբար, Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 31.1-ին հոդվածի վերնագրի «կոչումը» բառից հետո դրված միջակետն առաջարկում ենք հանել:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան