«04» հունիսի 2015 թ.                                                                                                                  ԻՎ-ե-67

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-786-14.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին եւ 16-րդ հոդվածների միակ մասերն առաջարկում ենք համարակալել՝ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածների 2-րդ մասերում բացել «ՀՀ» հապավումը՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության», քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

3. Նախագծով Կառավարման պայմանագրի վերաբերող դրույթները, որոնք տեղ են գտել 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում՝ հասկացության ձեւով, եւ հետագա մանրամասն կարգավորում են ստացել Նախագծի 10-րդ հոդվածում, այնուամենայնիվ, չեն պարունակում նորմեր, որոնք հստակ սահմանում են, թե ով է հանդես գալիս Ծրագիրն իրականացնողի հետ կնքվող կառավարման պայմանագրի մյուս կողմում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, թե լիազոր մարմինը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանված է, որ Մաստեր Պլանը հաստատում է ՀՀ կառավարությունը, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում ամրագրել նաեւ, թե Հայաստանի Հանրապետության անունից ով է ստորագրելու պայմանագիրը:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «կետում» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով, քանի որ համապատասխան հղումն անհրաժեշտ է կատարել նույն հոդվածի ոչ թե 1-ին կետի, այլ մասի վրա:

5.Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված ներդրումային ծրագիրն իրականացնելու պարտավորության կատարման ապահովման միջոց հանդիսացող լցակույտերի գրավն, ըստ էության, պարտավորությունների չկատարման դեպքում չի կարող ապահովել լիարժեք փոխհատուցում, ուստի առաջարկում ենք դրան զուգահեռ Ծրագիրն իրականացնողին առաջադրել ֆինանսական որոշակի միջոցների գրավադրմամբ եւս ապահովել պարտավորության կատարումը:

6.Առաջարկում ենք լիազորված մարմնի հասկացությունն ամրագրել Նախագծի ոչ թե 12-րդ, այլ 3-րդ հոդվածում, որը սահմանում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները:

7. Առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» եւ «ՀՀ օրենսդրությամբ» բառերը փոխարինել օրենքով բառերով, քանի որ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը: Սույն առաջարկն ընդունելու դեպքում կվերանա նախորդ կետում արված առաջարկությունը 14-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ իրացնելու անհրաժեշտությունը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ՝                                                            
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Թեւանյան