«07» մայիսի2015 թ.                                                                                         ԻՎ-ե-45


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-764-20.04.2015-ՏՀ-010/0), ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-7641 -20.04.2015-ՏՀ-010/0), ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-7642 -20.04.2015-ՏՀ-010/0) եւ ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-7643 -20.04.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի եւ Արմեն Ավետիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքից 120կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` առաջարկում ենք «Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնությունների տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) բոլոր հոդվածների պարբերությունները համարակալել համապատասխան արաբական թվանշաններով` բաժանելով մասերի: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները համարակալել փակագծերով տեքստից բաժանվող արաբական թվանշաններով` համապատասխանաբար բաժանելով տվյալ հոդվածի 1-ին մասը 1-ին եւ 2-րդ կետերի:

2. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը:», ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի համաձայն՝ Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեությանը տրամադրված հարկային արտոնություններից կարող են օգտվել համապատասխան արտադրական գործունեություն իրականացնող ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «կազմակերպություն եւ անհատ ձեռնարկատեր» բառերը փոխարինել «կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր» բառերով:

3. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «արտադրական գործունեություն» հասկացությունը, մասնավորապես` գտնում ենք, որ «արտադրական գործունեությունն արտադրական գործունեության կազմակերպում» սահմանելով` հստակ չի բացատրվում «արտադրական գործունեության» հասկացությունը, որը գործող որեւէ օրենքում տրված չէ: «Արտադրական գործունեություն» հասկացությունը կարելի է դիտարկել որպես ձեռնարկատիրական գործունեության տարատեսակ, որի հստակ սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում: Միաժամանակ, առաջարկում ենք սահմանման մեջ նշել նաեւ այն սուբյեկտների ցանկը, որոնք կարող են իրականացնել արտադրական գործունեություն:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «շահառու» տերմինը սահմանելիս առաջարկում ենք հստակեցնել «արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպություն» եզրույթը: Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն տարանջատում է առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ: Ընդ որում, դրա 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ առեւտրային կազմակերպությունները եւս իրավասու են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն միայն այն դեպքերում, երբ նման գործունեությունը ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել են այդ կազմակերպությունները, եւ համապատասխանում է այդ նպատակներին: Ուստի, հետագայում տարընթերցումների եւ տարաբնույթ ընկալման հնարավորությունը բացառելու նպատակով` առաջարկում ենք հստակեցնել «արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպություն» եզրույթը:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների շարքին են դասվում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները, առաջարկում ենք դիտարկել «կազմակերպություն» բառը «իրավաբանական անձ» տերմինով փոխարինելու հնարավորությունը:

5. Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է ավելացված արժեքի եւ շրջանառության հարկ վճարող շահառուների պատասխանատվությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման եւ գրանցման (հաշվառման) կարգը շահառու հանդիսացող ավելացված արժեքի հարկ վճարողի կողմից խախտվելու, ինչպես նաեւ շահառու հանդիսացող շրջանառության հարկ վճարողի կողմից անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպքերում շահառուների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները սահմանելիս երկու դեպքում էլ հղում է կատարվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցին: Հարկ է նշել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում ամրագրված են պատասխանատվության մի շարք միջոցներ` կախված հարկ վճարողի կողմից իրականացված խախտման բնույթի, հաճախականության եւ մի շարք այլ հանգամանքներից: Հետեւաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք, որ նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում կատարված հղումները կատարվեն հստակ եւ ուղղակի:

Միաժամանակ, նշված հոդվածի 1-ին պարբերությունում սահմանված «արտոնության շահառու» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել «շահառու» բառով:

6. Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն` հարկային արտոնությունները սահմանվում են «Հարկերի մասին» ՀՀ օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ, գտնում ենք, որ Նախագծում նշված արտոնությունները պետք է ամրագրվեն կամ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում, կամ «Շրջանառության հարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքներում: Հակառակ դեպքում կխախտվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                               Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան