«27» ապրիլի 2015 թ.                                                                                                           ԻՎ-ե-41

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-761-16.04.2015-ՊԻ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7611 -16.04.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները: Նշված կանոնից ելնելով՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածի 53-րդ կետի «Էթիլցիկլիդին» բառը փոխարինել ոչ թե «Էտիցիկլիդին եւ դրա աղերը», այլ «Էտիցիկլիդին» բառով, քանի որ գործող կարգավորմամբ թմրամիջոցի անվանման սյունակում արդեն իսկ նշում կա աղերի մասին:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածի 55-րդ կետում «Էթգոնին» բառը փոխարինել «Էկգոնին» բառով: Առաջարկում ենք նույն կետի «էթգոնինի» բառն էլ փոխարինել «էկգոնինի» բառով: Առաջարկի նպատակը ներքին հակասությունից խուսափելն է:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածի 92-րդ կետում «Մեթապոն» բառը փոխարինել «Մետոպոն» բառով: Հարկ է նկատի ունենալ, որ «Մետոպոն» անվանմամբ թմրամիջոց արդեն իսկ նախատեսված է հիշյալ հավելվածի 95-րդ կետում:

Նույնը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հիշյալ հավելվածի 149-րդ կետը: Նույն փոփոխությունը չի առաջարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում: Դա նշանակում է, որ Փաթեթն այս տեսքով ընդունելուց հետո քրեանտիպին տեսակի թմրանյութի գործածումը 0 - 0,05 գրամի չափով կհանգեցնի վարչական պատասխանատվության, իսկ 0,05 գրամից ավել չափով գործածումը որեւէ պատասխանատվության չի հանգեցնի:

5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է հիշյալ հավելվածը լրացնել նոր կետերով, որոնցից 283-րդ կետի ներքո գտնվող օրիպավին տեսակի թմրանյութի համար որպես զգալի չափ նշվել է 0,04 - 0,02 գրամը, իսկ միջին չափ՝ 0,02 - 1,0 գրամը: Առաջարկում ենք նախ՝ շտկել զգալի չափի վերին շեմը, քանի որ գրամները հարկավոր է գրել աճման, ոչ թե նվազման կարգով, ապա՝ շտկել նաեւ միջին չափի ստորին շեմը: Շտկումների ընթացքում հարկ է նկատի ունենալ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով որպես վերին շեմ, որից ավելի բարձր գրամներով գործածումն առաջացնում է քրեական պատասխանատվություն, նշվել է 0,04 գրամը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան