«08» ապրիլի 2015 թ.                                                                                                        ԻՎ-ե-32

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-744-26.03.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության», քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) «18-րդ հոդվածում՝ երկրորդ պարբերության «շրջանառության 20» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքի 9.1 հոդվածով սահմանված ապրանքախմբերի հարկվող գործարքների համար` 15» բառերով»: Նշենք, որ Օրենքի 18-րդ հոդվածում այդպիսի բառեր չկան: Այդ բառերն Օրենքում գործածվում են երկու տեղերում՝ 25-րդ հոդվածում եւ Հավելվածի 9-րդ մասում: Առաջարկում ենք հստակեցնել, թե նշվածներից որ դեպքում է հեղինակը ցանկանում կատարել համապատասխան լրացումը:

3. Նախագծով առաջարկվում է որոշ ապրանքատեսակների համար ավելացված արժեքի հարկի դրույքաչափը 20 տոկոսից դարձնել 15 տոկոս: Այդ մտահղացման իրականացման առնչությամբ առաջարկվել են համապատասխան լրացումներ, սակայն անդրադարձ չի կատարվել Օրենքի մի շարք դրույթների, որոնք անդրադառնում են դրույքաչափին: Հետեւաբար, առաջարկում ենք դիտարկել Օրենքի 18-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածներում եւ Հավելվածում եւս համապատասխան լրացումներ կատարելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                           Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ք. Խանազադյան