«06» մարտի 2015 թ.                                                                                                          ԻՎ-ե-15

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-727-24.02.2015-ՏՀ-010/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7271 -24.02.2015-ՏՀ-010/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է պահպանել բոլոր պահանջները, որոնք սահմանվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»: Նշված նորմի բովանդակությունից ստացվում է, որ օրենսդրությամբ, այդ թվում` կառավարության որոշմամբ, նախախարի հրամանով եւ օրենքների հետ մեկտեղ այլ իրավական ակտերով հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնող օրենքով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձանց համար կարող են սահմանվել պարտականություններ, ինչը կհակասի ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջին, համաձայն որի` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի վերոհիշյալ դրույթում «բոլոր պահանջները, որոնք սահմանվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված բոլոր պահանջները» բառերով:

2. Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 11-15-րդ մասերի պահանջները տարածվում են միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն` պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում»: Հարկ է նշել, որ Նախագծի հիման վրա Օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն` պետական լիազոր մարմնին ծանուցման ենթակա գործունեության տեսակների սպառիչ ցանկին են դասվում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը, իսկ Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում: Այսպիսով, անհասկանելի է, թե 16-րդ մասում ամրագրված դրույթը միայն ծանուցման մեջ նշված վայրում իրականացվող ծանուցման ենթակա ինչպիսի այլ տեսակների գործունեությանն է վերաբերում: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 11-րդ հոդվածն ամբողջությամբ վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցմանը, գտնում ենք, որ վերոհիշյալ 16-րդ մասով նույն հոդվածի այլ մասերի բովանդակությունը հոդվածի վերնագրում արդեն իսկ ամրագրված հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությանը կրկին վերագրելն ավելորդ է: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն` իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասը հանել:

3. Նախագծի 9-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործառույթները կամ գործողությունները, ինչպես նաեւ կասեցման պատճառները, իրավական հիմքերը եւ ժամկետները»: Նորմի տվյալ բովանդակությունից բխում է, որ ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը կասեցվում է իրավասու լիազոր մարմնի որոշման հիման վրա, մինչդեռ նույն հոդվածի 7-րդ եւ 9-րդ մասերի համաձայն՝ լիազոր մարմինը ընդունում է կասեցման հրաման: Վերոհիշյալ հոդվածում ներքին հակասությունները բացառելու նպատակով առաջարկում ենք համապատասխանեցնել տվյալ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունը 7-րդ եւ 9-րդ մասերին:

4. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, իսկ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, իսկ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի միակ մասը համարակալել «1» թվանշանով, իսկ «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերը փոխարինել համապատասխանաբար «1», «2», «3» եւ «4» կետերով:

5. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «երրորդ» բառը փոխարինել «3-րդ» բառով: Նույնը վերաբերում է նույն կետում ամրագրված «չորրորդ», «իններորդ», «տասներորդ», նույն մասի 2-րդ կետում ամրագրված «երկրորդ» եւ Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «առաջին» բառերին:

6. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասից հանել 1-ին կետը, իսկ նշված կետի բովանդակությունը ամրագրել 8-րդ մասում` որպես առանձին նախադասություն` հաշվի առնելով երկու նորմերի համասեռ բովանդակությունը:

7. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր՝ 15.2-րդ հոդվածով՝ «Ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մերժումը» վերտառությամբ, որն ամրագրվելու է Օրենքի «Սույն օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցները» վերտառությամբ 4-րդ գլխում: Նշված գլխի 12-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցները միայն չորսն են` տուգանք, ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով կասեցում, ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցում եւ մասնագիտական որակավորումից զրկում: Այսպիսով, սույն օրենքով պատասխանատվության միջոցների շարքին ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մերժումը չի դասվում: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` զգալի ծավալով իրավական ակտերի բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում, իսկ գլուխների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը, առաջարկում ենք վերանայել ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մերժմանը վերաբերող նորմի` Օրենքի 4-րդ գլխում ամրագրման նպատակահարմարությունը:

8. Նախագծի 12-րդ հոդվածի համաձայն` «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման համար լիցենզիա ստացած անձը համարվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձ»: Այսպիսով, Նախագծի 12-րդ հոդվածով սահմանվում է անցումային դրույթ, որը Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումն օրենքում ներառելուց (ինկորպորացնելուց) հետո որեւէ ձեւով չի արտացոլվի Օրենքում: Առաջարկում ենք վերոհիշյալ նորմը սահմանել Օրենքի անցումային դրույթների հետ մեկտեղ` ամրագրելով այն Օրենքի 7-րդ գլխում եւ շարադրելով նոր խմագրությամբ:

9. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «53-րդ» եւ «53» թիվը փոխարինել համապատասխանաբար «50-րդ» եւ «50» թվով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան