«27» փետրվարի 2015 թ.                                                                                                    ԻՎ-ե-12

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-722-18.02.2015-ՍՀ-010/0) եւ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7221 -18.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.     ««Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանված աշխատավարձի չափը:

Այսպիսով, Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է անցումային դրույթ, որը Նախագծով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունն օրենքում ներառելուց (ինկորպորացնելուց) հետո որեւէ ձեւով չի արտացոլվի «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում: Առաջարկում ենք վերոհիշյալ նորմը սահմանել օրենքի անցումային դրույթներում, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ օրենքում անցումային դրույթներ առանձին հոդվածով սահմանված չեն, օրենքում կատարել համապատասխան լրացում` շարադրելով Նախագծի 3-րդ հոդվածը նոր խմագրությամբ:

2. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` առաջարկում ենք ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «մասից» բառը փոխարինել «մասի առաջին պարբերությունից» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան