«27» փետրվարի 2015 թ.                                                                                                    ԻՎ-ե-10

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-710-02.02.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով առաջարկվող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրության մյուս պահանջները» եզրույթն ամրագրելու դեպքում կստացվի, որ օրենսդրությամբ` ՀՀ Ազգային ժողովի որոշումներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով եւ կարգադրություններով, ՀՀ կառավարության կամ վարչապետի որոշումներով եւ այլ իրավական ակտերով, հարկ վճարողների եւ դրանց պաշտոնատար անձանց համար կարող են սահմանվել պարտականություններ, ինչպես նաեւ դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության միջոցներ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջին, որի համաձայն` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները սահմանվում են բացառապես ՀՀ օրենքներով:

Նշված մասում ամրագրված «օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում» եզրույթի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի որոշումներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով եւ կարգադրություններով, ՀՀ կառավարության կամ վարչապետի որոշումներով եւ այլ իրավական ակտերով, կարող են սահմանվել լիազորություններ հարկ վճարողների ցանկին դասվող տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց համար, ինչը բխում է նորմի մեկնաբանությունից, մասնավորապես` ըստ սահմանված նորմի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու եւ այլ պահանջները պահպանելու պատասխանատվությունը կրում են հարկ վճարողները եւ դրանց պաշտոնատար անձինք, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: Այսինքն, օրենսդրությամբ կարող են տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց համար սահմանվել լիազորություններ, ինչը կհակասի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով,

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությունից հստակ չէ «օրենսդրության մյուս պահանջները» եզրույթի իրավական բովանդակությունը: Նշված մասը վերաբերում է հարկ վճարողների եւ դրանց պաշտոնատար անձանց` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու եւ օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությանը: Այսպիսով, հարկ վճարողների եւ դրանց (կազմակերպությունների) պաշտոնատար անձանց պարտականությունները, իսկ դրանց չկատարման դեպքում պատասխանատվությունը սահմանելիս հղում է կատարվում անորոշ իրավական ակտերին: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, որի համաձայն` արգելվում է կատարել անորոշ հղումներ, առաջարկում ենք հստակեցնել վերոհիշյալ եզրույթը:

3. Միաժամանակ, առաջարկում ենք Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությունից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված» բառերը:

4. Հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածում ամրագրված «(այսուհետ` Oրենք)» բառակապակցությունը` առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի N ՀՕ-107 օրենքը» բառերը փոխարինել «Օրենքը» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ք . Խանազադյան