«11» փետրվարի 2015 թ.                                                                        ԻՎ-ե-4



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-707-29.01.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր պահանջները: Այդ առումով հարկ ենք համարում նշել, որ եթե ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվող էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր պահանջներն իրենց մեջ բովանդակելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար վարքագծի կանոններ՝ իրավունքներ, պարտականություններ կամ նշված անձանց պատասխանատվությանը վերաբերող դրույթներ, ապա Նախագծի նշված դրույթը կհակասի ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին, որի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը: Նախագծի 1-ին հոդվածի «սահմանումներով» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերություններով» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

Նույն հոդվածում՝ «մակերեւույթային» բառն առաջարկում ենք փոխարինել «մակերեւութային» բառով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

3. Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 8-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի կարգավորման առարկային եւ խմբագրման կարիք ունի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հոդվածի վերնագրից բխում է, որ 8-րդ հոդվածի կարգավորման առարկան է միայն էներգասպառող սարքերի եւ սարքվածքների շրջանառությունը, մինչդեռ 8-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը գնում է նաեւ էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորման մասին:

Բացի այդ, նույն հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է նաեւ էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շրջանառության եւ շահագործումից հետո օգտահանման մասին, մինչդեռ 8-րդ հոդվածի վերնագրից չի բխում, որ նշված հոդվածով կարգավորվում են նաեւ էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շրջանառության, ինչպես նաեւ շահագործումից հետո օգտահանման հետ կապված հարաբերությունները: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 8-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել դրա կարգավորման առարկային՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 40-րդ հոդվածի 1-ին մասի եւ 41-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները:4.Նախագծի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին, մինչդեռ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, պահեստավորվող եւ օգտագործվող էներգակիրների հաշվառման կարգին վերաբերող դրույթներ նախատեսված չեն: Այդ առումով պարզ չէ, թե ինչ հաշվառման կարգի մասին է խոսքը: Ուստի առաջարկում ենք «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքին կատարված հղումը հստակեցնել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ:

5. Նախագծի 12-րդ հոդվածում նշված «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ՝ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան