«10» դեկտեմբերի 2014 թ.                                                                                          ԻՎ-ե-194

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6 69 -02.1 2 .2014- Ս Հ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համաձայն` իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում առկա են մի քանի փոփոխություններ, առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով: Հարկ է նշել, որ սույն եզրակացության 5 -րդ կետի առաջարկությունն ընդունելու դեպքում Նախագծի վերնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս նշվում է օրենքի ընդունման տարին, ամիսը եւ ամսաթիվը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «13» թիվը փոխարինել «4» թվով, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2014 թվականի փետրվարի 4-ին, այլ ոչ թե 13-ին: Միաժամանակ, առաջարկում ենք շտկել իրավական ակտի թիվը`ՀՕ-1-Ն:

3. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «կետի» եւ «ենթակետը» բառերը փոխարինել համապատասխանաբար «մասի» եւ «կետը»բառերով: Նույնը վերաբերում է Նախագծի 3-րդ հոդվածին:

4. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` իրավական ակտում նոր կետ կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով, ինչպես նաեւ նոր կետ լրացվելու դեպքում կետերի համարի փոփոխություն չի կատարվում, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի շարադրանքը սկսել հետեւյալ կերպ`

«Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 8.1 կետով.

8.1) … »:

5. Հիմք ընդունելով սույն եզրակացության 4-րդ կետը` առաջարկում ենք հանել Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածները:

6. Ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից` առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք . Խանազադյան