«24» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-174

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-642-20.10.2014-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, համաձայն որոնց` օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «N-355-11» թվերը:

2. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները, որոնց համաձայն` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) դրույթներում կատարվող փոփոխությունները Նախագծում սահմանել առանձին հոդվածներով: Օրինակ՝ «Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով»:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք. Խանազադյան