«24» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                    ԻՎ-ե-173

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-640-15.10.2014-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎՕ) 124-րդ հոդվածի ոչ թե կետերին, այլ մասերին, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «կետերի» բառը փոխարինել «մասերի» բառով: Նույնը վերաբերում է Նախագծի 2-16-րդ հոդվածներին: Բացի այդ՝ նշված մասերում օգտագործվում է «հնգապատիկի» բառը, ուստի Նախագծի 1-ին հոդվածի «հինգապատիկի» բառն առաջարկում ենք փոխարինել «հնգապատկի» բառով: Նույնը վերաբերում է Նախագծի 17-րդ հոդվածին:

2. Նախագծի 7-րդ հոդվածի «յոթապատիկի» բառն առաջարկում ենք փոխարինել «յոթնապատկի» բառով՝ համապատասխանեցնելով ՎԻՎՕ-ի 124-րդ հոդվածի 28-րդ մասին:

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ՝ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում անդրադառնալ ՎԻՎՕ-ի 124-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններին, 2-րդ հոդվածում՝ ՎԻՎՕ-ի 124.1-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությանը, 3-րդ հոդվածում՝ ՎԻՎՕ-ի 124.3-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններին, 4-րդ հոդվածում՝ ՎԻՎՕ-ի 124.4-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններին, 5-րդ հոդվածում՝ ՎԻՎՕ-ի 135.1-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններին, իսկ 6-րդ հոդվածում՝ ՎԻՎՕ-ի 135.2-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան