«05» նոյեմբերի 2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-183

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-634-10.10.2014-ՍՀ-010/0), «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6341 -10.10.2014-ՍՀ-010/0) եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Պ-6342 -10.10.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կատարվել է երկու փոփոխություն, ուստի ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին, առաջարկում ենք տվյալ օրենքի նախագծի վերնագրից հանել «եւ լրացումներ» բառերը:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը: Նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտում տրվում է իրավական ակտի լրիվ անվանումը: Ուստի առաջարկում ենք ««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը սկսել հետեւյալ բառերով.

«Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

… »:

3. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը կողմերի համար սահմանում է պարտականություն, առաջարկում ենք ««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակման հաջորդ օրը» բառերն փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով:

4. «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «աշխատանքային» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից (օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ օրենսգրքի վերնագիրը):

5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի առաջին հոդվածը սկսել հետեւյալ բառերով.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 38-րդ հոդվածի՝

… »:

6. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Գործատուն կարող է աշխատողին կարգապահական տույժի ենթարկել, ընդհուպ մինչեւ աշխատանքային պայմանագիրը լուծելը` ի գիտություն ընդունելով արհեստակցական միության գրավոր դիրքորոշումը:»:

Օրենսգրքի 113-րդ հոդվածը սահմանում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, մինչդեռ առաջադրված լրացվող նորմով սահմանվում է աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու կարգը: Ուստի, առաջարկում ենք վերը շարադրված նորմը Օրենսգրքի 113-րդ հոդվածում լրացնելու փոխարեն լրացնել 226-րդ հոդվածում, որը սահմանում է կարգապահական տույժի կիրառման կարգը:

Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կիրառվող կարգապահական տույժերի տեսակները, այդ թվում` Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող նորմից հանել «ընդհուպ մինչեւ աշխատանքային պայմանագիրը լուծելը» բառերը:

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք անվանումը պայմանականորեն որոշվել է Նախագծի շրջանակներում սահմանել այսուհետ Օրենսգիրք` առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «ՀՀ աշխատանքային» բառերը: Նույնը վերաբերում է Նախագծի 8-րդ եւ 17-րդ հոդվածներին:

8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկված լրացման «Եռակողմ հանձնաժողովի հավանությանն արժանացած նորմատիվ իրավական ակտերի նախագծերն առանց հետագա փոփոխությունների ներկայացվում են դրանք ընդունող մարմնին:» նախադասությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածին, որի համաձայն՝ կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

9. Հիմք ընդունելով Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «ներկայացվել» բառից հետո լրացնել «անհատական աշխատանքային» բառերը:

10. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ, առաջարկում ենք Նախագծի 8-րդ եւ 9-րդ հոդվածներում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

11. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 268-րդ հոդվածով, որի 3-րդ մասը սահմանում է, որ անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովում աշխատողների ներկայացուցիչներն ընտրվում են ընդհանուր ժողովի կամ ներկայացուցչական մարմնի կողմից: Նշված խմբագրությունից պարզ չէ, թե ինչ ընդհանուր ժողովի մասին է խոսքը, ինչպես է այն ձեւավորվում, ինչ իրավասություններ են վերջինիս վերապահված: Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի, առաջարկում ենք հստակեցնել «ընդհանուր ժողով» եզրույթը:

12. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 269-րդ հոդվածով, որի 1-ին նախադասության համաձայն` անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովին կարող են դիմել եւ՛ աշխատողը, եւ գործատուն` աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի, կանոնների, կանոնադրությունների եւ հրահանգների պահանջները խախտելու մասին իմանալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում: Նշված ձեւակերպումից անհասկանալի է, թե ինչ կանոնների եւ հրահանգների մասին է խոսքը: Նախագծի 7-րդ հոդվածում սահմանվում է «անհատական աշխատանքային վեճ» հասկացությունը, համաձայն որի` անհատական աշխատանքային վեճը աշխատողի եւ գործատուի միջեւ տարաձայնությունն է` կապված աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքների եւ այլ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի, աշխատանքային պայմանագրի (այդ թվում՝ անհատական աշխատանքային պայմանների փոփոխման կամ սահմանման) հետ, ինչի մասին դիմում է ներկայացվել վեճեր քննող մարմիններին: Այսպիսով, մի դեպքում` «անհատական աշխատանքային վեճ» հասկացության սահմանման մեջ, օգտագործվում է «աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտեր» տերմինը, մյուս դեպքում` անհատական աշխատանային վեճեր քննող հանձնաժողովին դիմելու ժամկետները սահմանելիս օգտագործվում են «աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ իրավական ակտեր», «կանոններ», «կանոնադրություններ» եւ «հրահանգներ» տերմինները: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է «իրավական ակտ» հասկացությունը, այն է` իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ), գտնում ենք, որ կանոնները (եթե խոսքը գնում է ներքին կարգապահական կանոններին), կանոնադրությունները եւ հրահանգներն ընդգրկվում են «իրավական ակտ» հասկացության ներքո: Ուստի առաջարկում ենք, լրացվող 269-րդ հոդվածից հանել «նորմատիվ», «կանոնների, կանոնադրությունների եւ հրահանգների» բառերը:

13. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 270-րդ հոդվածով, որի 2-րդ մասը սահմանում է, որ անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը անհատական աշխատանքային վեճը քննարկում է դիմումը ստանալու օրվանից տասն օրացուցային օրվա ընթացքում:

Հիմք ընդունելով Օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, մասնավորապես` այն, որ օրերով հաշվարկվող ժամկետը հաշվարկվում է օրացուցային օրերով, եթե աշխատանքային օրենսդրությամբ կամ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ, առաջարկում ենք վերոհիշյալ 270-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «օրացուցային» բառը:

Նախագծով առաջարկվող 270-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությամբ ամրագրված է, որ կողմի կամ նրա ներկայացուցչի նիստին չներկայանալու դեպքում նիստը հետաձգվում է: Հիմք ընդունելով նույն հոդվածի 3-րդ մասի պահանջները, մասնավորապես` կողմի կամ նրա ներկայացուցչի բացակայությամբ դիմումը քննարկվում է միայն դիմողի գրավոր համաձայնության դեպքում , առաջարկում ենք 270-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում « դեպքում » բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ երբ դիմողը չի ներկայացրել իր բացակայությամբ վեճը քննելու գրավոր համաձայնություն» բառերով:

Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կողմերը նիստին կարող են հրավիրել վկաներ եւ մասնագետներ»: Նշված բովանդակությունից պարզ չէ, թե ինչ մասնագետների մասին է խոսքը: Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում, որը վերաբերում է հաշտեցման հանձնաժողովի կողմից կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկմանը, սահմանված է. «Հաշտեցման հանձնաժողովում վեճի քննարկման ընթացքում կողմերի ներկայացուցիչները կարող են հրավիրել մասնագետներ (խորհրդատուներ, փորձագետներ եւ այլն) »: Առաջարկում ենք հստակեցնել նաեւ անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կողմից անհատական աշխատանքային վեճերի քննարկմանը մասնակցող «մասնագետ» հանդիսացող անձանց շրջանակը:

14. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, համաձայն որոնց` հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն արաբական թվանշաններով համարակալված կետերի, առաջարկում ենք ա) ենթակետը փոխարինել 1) կետով: Նույնը վերաբերում է բ) - ե) ենթակետերին:

Հիմք ընդունելով իրավակիրառական պրակտիկան, ինչպես նաեւ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ եւ 132-րդ հոդվածների պահանջները, մասնավորապես` այն, որ ինչպես վեճն ըստ էության չլուծող, այնպես էլ վեճն ըստ էության լուծող ակտում պետք է նշվի ակտը բողոքարկելու կարգը եւ ժամկետը, ինչպես նաեւ այն կամովին չկատարվելու դեպքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին, առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածով լրացվող 272-րդ հոդվածի 1-ին մաս ը համալրել եւս երկու կետ ով ` հետեւյալ բովանդակությ ուններով ` «որոշումը բողոքարկելու կարգը եւ ժամկետները» եւ «որոշումը կամավոր կատարելու, կամավոր չկատարելու դեպքում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմում ներկայացնելու եւ կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետները:»

1 5 . Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 273-րդ հոդվածով, որի վերաբերյալ առաջարկում ենք՝

ա) 1-ին մասում «թերթիկ» բառը փոխարինել «թերթ» բառով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրենսդրության մեջ «կատարողական թերթիկ» եզրույթ չի օգտագործվում,

բ) 1-ին մասում հստակեցնել «կատարողական թերթի ուժ ունեցող վկայական» եզրույթը: Այստեղ, հարց է ծագում, թե ինչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել նշված վկայականը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս տրվում է կատարողական թերթի ուժ, կարելի է ենթադրել, որ այն առաջացնում է նույն իրավական հետեւանքները, ինչ կատարողական թերթը, մինչդեռ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմք է հանդիսանում միայն կատարողական թերթը, մասնավորապես` նշված օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է»: Ուստի, գտնում ենք, որ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաթեթում ներկայացված ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն` անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումները դասվում են հարկադիր կատարման ենթակա ակտերի շարքին, որոնք ներկայացվում են հարկադիր կատարման բացառապես կատարողական թերթի հիման վրա (օրինակ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները), գտնում ենք, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի` հարկադիր կատարման միջոցների կիրառման նոր հիմք սահմանելու անհրաժեշտություն չկա: Ուստի, առաջարկում ենք «կատարողական թերթիկի ուժ ունեցող վկայական» բառերը փոխարինել «կատարողական թերթ» բառերով,

գ) Նույն հիմնավորմամբ 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կատարողական թերթը ստանալու համար աշխատողը կարող է դիմել անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովին որոշումը գործողության մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:»,

դ) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը` «Վկայականի ձեւը հաստատում է ՀՀ Կառավարությունը» հանել:

ե) 4-րդ մասում հստակեցնել կատարված հղումը` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները. «Նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ»: Մասնավորապես` 273-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Վկայական չի տրվում, եթե կողմերից մեկը սահմանված ժամկետում աշխատանքային վեճը քննելու համար դիմում է ներկայացրել դատարան»: Նշված ձեւակերպումից հստակ չէ, թե ինչ ժամկետի մասին է խոսք գնում եւ ինչ իրավական ակտով է սահմանված այդ ժամկետը:

զ) 4-րդ մասում «վկայական» բառը փոխարինել «կատարողական թերթ» բառերով,

է) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհատական աշխատանքային վեճերը քննող հանձնաժողովի կողմից կայացված որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Նշված մասում առաջարկված եռամսյա ժամկետը սահմանելու դեպքում, հակասություն կառաջանա տվյալ ժամկետի եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ժամկետների միջեւ: Մասնավորապես` Նախագծով սահմանվում է կատարողական թերթի ուժ ունեցող վկայականի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու եռամսյա ժամկետ, մինչդեռ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում:

Սույն եզրակացության 13-րդ կետում կատարված առաջարկությունները հաշվի առնելու դեպքում` անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

16. Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 274-րդ հոդվածով, որը սահմանում է. «Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումը դատական կարգով կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացվող 274-րդ հոդվածը վերաբերում է անհատական աշխատանքային վեճերը քննող հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելուն, ինչպես նաեւ հիմք ընդունելով Նախագծի 15-րդ հոդվածում առաջադրված 273-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումը գործողության մեջ է մտնում բողոքարկման համար նախատեսված տասնօրյա ժամկետը լրանալուց հետո, առաջարկում ենք 274-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` այն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում»:

17. Նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել 275-րդ հոդվածով, որը սահմանում է անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի քննությանն ենթակա վեճերը: Առաջարկում ենք աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի քննությանն ենթակա վեճերի ցանկը ամրագրել Նախագծի 9-րդ հոդվածով լրացվող` Օրենսգրքի 267-րդ հոդվածում, որը սահմանում է անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի իրավասությունը:

Օրենսգրքում լրացվող 275-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը քննում է այն վեճերը, որոնք վերաբերում են փոխհատուցումների վճարմանը` գործուղումների, այլ աշխատանքի փոխադրման, ընդունման եւ այլ վայր աշխատանքի ուղարկելու դեպքերում»: Օրենսգրքի 210-րդ հոդվածը, որը վերաբերում է աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքերում տրամադրվող երաշխիքներին եւ հատուցումներին, ուժը կորցրել է 2010 թվականի հունիսի 24-ի ՀՕ-117-Ն օրենքով: Ուստի առաջարկում ենք վերոշարադրյալ 6-րդ կետից հանել «ընդունման եւ այլ վայր աշխատանքի ուղարկելու դեպքերում» բառերը, իսկ «այլ աշխատանքի փոխադրման» բառերից առաջ լրացնել «աշխատողի առողջական վիճակի պատճառով» բառերը:

Լրացվող 275-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է. «Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը քննում է այն վեճերը, որոնք վերաբերում են աշխատողին հասանելիք այն դրամական պարգեւը ստանալու իրավունքին եւ չափին, որը նախատեսված է աշխատանքի վարձատրության համակարգով»: Օրենսգիրքը տարանջատում է աշխատանքի վարձատրության հետեւյալ տեսակները` հիմնական եւ լրացուցիչ: Լրացուցիչ աշխատավարձի տեսակ են գործատուի կողմից կիրառվող խրախուսանքները, որոնց շարքին է դասվում միանվագ դրամական պարգեւատրումը (219-րդ հոդված): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգիրքը չի ամրագրում «աշխատանքի վարձատրության համակարգով նախատեսված դրամական պարգեւ» եզրույթ` առաջարկում ենք վերոշարադրյալ 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «աշխատողին հասանելիք միանվագ դրամական պարգեւատրումը ստանալու իրավունքին եւ չափին.»:

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, համաձայն որոնց` հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով, առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածով լրացվող հոդվածի 1-ին մասի 1-ից մինչեւ 13-րդ կետերի համարները տեքստից բաժանել փակագծերով: Միաժամանակ, առաջարկում ենք նույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը փոխարինել նոր մասով:

18. Նախագծի 18-րդ հոդվածում առաջարկում ենք «հրապարակման» բառից հետո լրացնել «օրվան» բառը:

19. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

ա) հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, համաձայն որոնց` հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով, առաջարկում ենք տվյալ նախագծի 1-ին հոդվածով լրացվող 8-րդ կետի համարը տեքստից բաժանել փակագծով,

բ) ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածը սահմանում է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը»: Առաջարկում ենք համապատասխանեցնել տվյալ նախագծով եւ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արհեստակցական վեճեր քննող հանձնաժողովը ստեղծվելու է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից, այն է` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ ամսից, տրամաբանական չենք համարում անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումները հարկադիր կատարման ենթակա ակտերի շարքին դասել նշված ժամկետից շուտ:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ք. Խանազադյան