«09» հոկտեմբերի 2014 թ.                                                                                              ԻՎ-ե-154

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-624-03.10.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծով առաջարկվում է կատարել մեկ լրացում եւ երկու փոփոխություն: Ուստի առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «լրացում եւ փոփոխություն» բառերը փոխարինել «լրացում եւ փոփոխություններ» բառերով:

2.Նախագծով առաջարկվող 15.2-րդ հոդվածի վերնագրում առաջարկում ենք «ՀՀ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծով առաջարկվող հավելվածի «ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչություն» աղյուսակին:

3. Նախագծի 15.2-րդ հոդվածը վերաբերում է ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողի վարձատրությանը: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (հոդվածներ 6, 56, 189 եւ 190) որպես հետաքննություն եւ նախաքննություն կատարող մարմիններ նշում է հարկային եւ մաքսային մարմիններին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ ՀՀ ֆինանասների նախարարությունը ՝ որպես նախաքննություն իրականացնող մարմին: Ուստի առաջարկում ենք Նախագծի հետ միասին ներկայացնել մեկ այլ նախագիծ, որով առաջարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում որոշարկել համապատասխան մարմնի անվանումը (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչություն): Նշված առաջարկը պայմանավորված է ներկայացված նախագիծն ընդունվելու դեպքում՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի միջեւ հակասությունները վերացնելու հանգամանքով:Դրա չվերացման արդյունքում կստեղծվի մի իրավիճակ, երբ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է քննչական ծառայություն, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պետք է կատարվի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ոչ թե 8-րդ, այլ 7-րդ մասում, քանի որ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասում «փետրվարի 10» բառեր գոյություն չունեն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան