« 09 » հոկտեմբերի 2014 թ.                                                                             ԻՎ-ե- 153

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ՝ Պ-615-01.10.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 72-րդ հոդվածում կատարել լրացում ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Պետական տուրքը վերադարձվում է, եթե մինչեւ դատաքննությունը սկսելն ամբողջությամբ կատարվել է պարտավորությունը»:

ՔԴՕ 72-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով», իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը հստակ սահմանում է պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վերադարձնելու հիմքերը: Ընդ որում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի գ) կետի բովանդակության վերլուծությունից հետեւում է, որ տվյալ գործով վարույթը կարճելու դեպքում պետական տուրքը մասնակի կամ լրիվ ենթակա է վերադարձման, միայն, երբ գործը ենթակա չէ դատարանում քննության:

Հետեւաբար՝ ՔԴՕ 109-րդ հոդվածում սահմանված կարճման հիմքերից միայն մեկի դեպքում է պետական տուրքը վերադարձվում, այլ դեպքերում այն չի վերադարձվում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ պետական տուրքի վերադարձման նոր հիմք նախատեսելիս պետք է համապատասխան լրացում կատարվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում, ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, քանի որ պետական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենքով, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ավելին, համապատասխան լրացումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարելու դեպքում, վերջինիս եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի միջեւ կառաջանա ակնհայտ հակասություն:

2.Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է ՔԴՕ 109-րդ հոդվածը լրացնել նոր` 8-րդ կետով, ըստ որի` դատարանը գործը կարճում է, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց համար ներկայացվել է հայց:

Գտնում ենք, որ նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացի առկայությամբ: Առաջարկվող լրացման նպատակը կայանում է նրանում, որ այն դեպքերում, երբ կողմերի միջեւ բացակայում է վեճը, դատարանը հնարավորություն ունենա կարճել գործի վարույթը, այլ ոչ թե գործը քննել մինչեւ վերջ եւ կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ: Տվյալ դեպքում խոսքը կարող է գնալ ինչպես այն դեպքերի մասին, երբ պատասխանողը կատարել է համապատասխան պարտավորությունը, այնպես էլ այն դեպքերի մասին, երբ օրինակ վինդիկացիոն կամ նեգատոր հայցերի դեպքում համապատասխան անշարժ գույքը այլեւս գոյություն չունի (վերացել է անհաղթահարելի ուժի հետեւանքով եւ այլն):

Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում համապատասխան լրացում կատարելիս անհրաժեշտ է անդրադառնալ ՀՀ դատավարական այլ օրենսգրքով սահմանված կարգավորումներին:

Այսպես, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն ՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է: Նախագծում առաջարկվող տարբերակը, ըստ որի ՝ դատարանը գործով վարույթը կարճում է, եթե՝ «վերացել են այն հանգամանքները, որոնց համար ներկայացվել է հայց», ըստ էության, նպատակ ունի արտահայտել նույն իմաստը, ինչ եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ դրույթը:

Բացի այդ, «հայցի հարուցման համար անհրաժեշտ հանգամանքներ» ձեւակերպումը քաղաքացիական դատավարության տեսության մեջ չի կիրառվում:

Վեճի բացակայության փաստը որպես գործով վարույթի կարճման հիմք մատնանշելու համար առաջարկում ենք ՔԴՕ 109-րդ հոդվածում լրացվող 8-րդ կետի բովանդակությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «վեճն ըստ էության սպառվել է»: Նշված դեպքում կապահովվի միեւնույն հարցի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխանությունը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան