«13» հոկտեմբերի 2014 թ.                                                                                              ԻՎ-ե-159

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-614-30.09.2014-ՊԻ-010/0), ««Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-6141 -30.09.2014-ՊԻ-010/0) եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6142 -30.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 8-րդ հոդվածների մասերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ հ ոդվածներիմասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով:

2. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «10) արխիվ` իրավաբանական անձ կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, պետական հիմնարկի կամ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային այլ միավոր, այլ իրավաբանական անձ, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի, այդ թվում` էլեկտրոնային համալրում, հաշվառում, պահպանում եւ օգտագործում մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելը»: Այսինքն՝ Նախագծի հիշյալ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ արխիվ է հանդիսանում ինչպես իրավաբանական անձը, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի, այդ թվում` էլեկտրոնային համալրում, հաշվառում, պահպանում եւ օգտագործում, այնպես էլ այլ իրավաբանական անձը: Այդ առումով պարզ չէ, թե ինչ է նկատի ունեցել Նախագծի հեղինակը «այլ իրավաբանական անձ» եզրույթի ներքո՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ է հանդիսանում իրավաբանական անձը, իսկայլ իրավաբանական անձը, որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսված չէ: Ելնելով վերոգրյալից ՝ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով խմբագրվող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված «այլ իրավաբանական անձ» բառերն անհրաժեշտ է հանել:

Բացի այդ, Նախագծի նշված հոդվածում օրենսդրությամբ սահմանված կարգին կատարված հղումն անորոշ է եւ վերանայման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե արխիվային փաստաթղթերն ոչնչացնելու կարգն ինչ իրավական ակտով է սահմանվելու: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ ն ույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ:

3. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասում առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «ժամանակավոր» բառից հետո լրացնել «` կարճաժամկետ եւ երկարաժամկետ» բառերը: Նշված լրացմամբ Օրենքում սահմանված «արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանություն» հասկացությունը կփոխարինվի «արխիվային փաստաթղթերի ժամանակավոր` կարճաժամկետ եւ երկարաժամկետ պահպանություն» հասկացությամբ: Օրենքի 19-րդ հոդվածը` «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչեւ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու ժամկետները» անվանումով, սահմանում է բացառապես արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր պահպանելու առավելագույն ժամկետները, մինչդեռ արխիվային փաստաթղթերի կարճաժամկետ պահպանության հետ կապված հարաբերությունները նշված հոդվածում, ինչպես նաեւ Օրենքում կարգավորված չեն: Ուստի, գտնում ենք, որ «արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանություն» հասկացությունը փոխելով, Օրենքում կառաջանա համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ արխիվային փաստաթղթերի կարճաժամկետ պահպանության ժամկետները սահմանելու մասով:

4. Նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ լիազոր մարմինը սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների եւ արխիվների օրինակելի կանոնակարգերը, մինչդեռ Օրենքի 5-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազոր մարմնի իրավասություններին, սահմանում է, որ լիազոր մարմինըսահմանում է նաեւ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը, արխիվային փաստաթղթերի կարգավորման եւ պետական արխիվներ հանձնման կարգը: Մինչդեռ Նախագծով կատարվող փոփոխությամբ լիազոր մարմնին վերապահված է միայն մեկ լիազորություն՝ պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը սահմանելը: Նման պարագայում բաց է մնում այն հարցը, թե Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը, արխիվային փաստաթղթերի կարգավորման եւ պետական արխիվներ հանձնման կարգն ինչ իրավական ակտերով են սահմանվելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն՝ նշված կարգերը սահմանելու լիազորությունը վերապահված է լիազոր մարմնին:

5. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք ««Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»` համապատասխանեցնելով նշված ժամկետը Փաթեթում ներառված մյուս երկու նախագծերում սահմանված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետներին : Միաժամանակ, առաջարկում ենք ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում սահմանված «10-րդ» բառը փոխարինել «տասներորդ» բառով:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ս. Առաքելյան

Ք. Խանազադյան