«24» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                 ԻՎ-ե-175

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-612-29.09.2014-ՏՀ-010/0) եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6121 -29.09.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թեւան Պողոսյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը:

1. ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել օրենքի հերթական համարը, մասնավորապես՝ «ՀՕ-236» հերթական համարն անհրաժեշտ է փոխարինել «ՀՕ-236-Ն» հերթական համարով:

2. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) «երրորդ մասի 6-րդ կետում «58,35 մլն դրամը:» բառերը փոխարինել «150 մլն դրամը:» բառերով»: Այդ առումով նախագծի հիշյալ հոդվածի 2-րդ մասում նշված «6-րդ կետում» բառերը անհրաժեշտ է փոխարինել «5-րդ կետում» բառերով, քանի որ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի ոչ թե 6-րդ, այլ 5-րդ կետում է նշված «58,35 մլն դրամը» բառերը:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը վերանայման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների մասերի համարակալմանը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը` 2014 թվականի համար եւ մինչեւ 2015 թվականի հունվարի 20-ը` 2015 թվականի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության 1% դրույքաչափով հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն»: Այդ առումով առաջարկում ենք վերանայել նշված «2014 թվականի հոկտեմբերի 31-ը» ժամկետը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում էշրջանառության հարկի դրույքաչափի փոփոխություն, իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածիհամաձայն՝ հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով կատարվող լրացումն անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, իսկ 2-րդ մասով կատարվող փոփոխությունը՝ նույն հոդվածի 3-րդ մասով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված :

4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակումնախատեսվում է շրջանառության հարկի նոր դրույքաչափ` «առեւտրական գործունեությունից եկամուտներ, որոնց դեպքում ձեռք բերված ապրանքները ամբողջությամբ կամ մասամբ հիմնավորված չեն փաստաթղթերով (3,5%), իսկ Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը», ինչը հակասում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջին: Այսպես՝ նախագծի համաձայն ստացվում է, որ «առեւտրական գործունեությունից եկամուտներ, որոնց դեպքում ձեռք բերված ապրանքները ամբողջությամբ կամ մասամբ հիմնավորված չեն փաստաթղթերով» գործունեության համար սահմանված նոր՝ 3.5 տոկոս դրույքաչափը կիրառվելու է օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, մինչդեռ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն «Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից: Հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո»: Ելնելով վերո•րյալից՝ առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածում՝ «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը» բառերը՝ ապահովելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջների իրացումը:

5. Նախագծի 4-րդ հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

Բացի այդ, նույն հոդվածում «Սույն պարտավորությունը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն մասի 1-ին պարբերությունը» բառերով՝ քանի որ սույն պարտավորությանը կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

6. Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

Բացի այդ, նշված հոդվածի 3-րդ մասում նշված «2016» թվից հետո անհրաժեշտ է լրացնել «թվականի» բառը:

Նույնը վերաբերում է նաեւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Մանուկյան