«03» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                       ԻՎ-ե-146

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-610-26.09.2014-ՊԻ-010/0) եւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6101 -26.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը:

1. ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի» բառերը: «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում նշված է ոչ թե «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի», այլ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը,» բառակապակցությունը: Ուստի Նախագծով անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը,» բառերը:

2. Փաթեթի հիմնավորումից բխում է, որ դրա նպատակը «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքները «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներին համապատասխանեցնելն է այն մասով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքներում նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար»: Ելնելով այն հանգամանքից, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հիշյալ պաշտոնի անվանումը փոխվել է, առաջարկում ենք սույն Փաթեթը լրացնել եւս երկու՝ ««Դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով՝ ապահովելով «Դրոշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ եւ «Զինանշանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներին: Հետեւաբար առաջարկում ենք նշված հոդվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի,» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ կամ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                       Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան