« 09 » հոկտեմբերի 2014 թ.                                                                                             ԻՎ-ե- 152

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-603-23.09.2014-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծով առաջարկվում է օրենքում նախատեսել յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության կապակցությամբ պատգամավորի` հաշվետու լինել վերաբելյալ դրույթ` այն ներառելով պատգամավորի պարտականությունների ցանկում: Նշված դրույթն ուղղակիորեն առնչվում է պատգամավորի մանդատի բնույթի հետ:

Պատգամավորի կարգավիճակի բաղկացուցիչ տարրերից է պատգամավորական մանդատի բնույթը: Ներկայումս աշխարհում գոյություն ունի պատգամավորական մանդատի երկու տեսակ` ազատ եւ հրամայական: Հրամայական մանդատին բնորոշ են հետեւյալ պարտադիր տարրերը՝ պատգամավորը ճանաչվում է միայն իրեն ընտրած ընտրատարածքի ներկայացուցիչ, պատգամավորը կաշկանդված է ընտրողներիպարտադիր ցուցումներով, պարտավոր է կանոնավոր հաշվետվություն ներկայացնել այդ ցուցումների կատարման վերաբերյալ, իսկ ընտրողները, իրենց հերթին, հնարավորություն ունեն հետ կանչել պատգամավորին իրենց վստահությունը կորցնելու կամ չարդարացնելու դեպքում:

Պատգամավորի ազատ մանդատը նշանակում է, որ պատգամավորը իրավաբանորեն ենթակա չէ որեւէ պետական, կուսակցական կամ այլ մարմինների կամ կազմակերպությունների: Պատգամավորը կաշկանդված չէ նաեւ ընտրողների կամքով: Այս առումով պատգամավորը դիտվում է որպես ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ եւ ոչ թե կոնկրետ ընտրազանգվածի: Ժողովրդավարական պետությունների գերակշռող մասը խորհրդարանական աշխատանքի արդյունավետությունը պայմանավորել է պատգամավորի ազատ մանդատով:

Պատգամավորի անկախության, ազատ մանդատի վերաբերյալ նորմեր նախատեսված են գրեթե բոլոր ժողովրդավարական երկրների սահմանադրությամբ:

Օրինակ` Գերմանիայի Հիմնական օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` «Գերմանական Բունդեսթագի պատգամավորները հանդիսանում են ամբողջ ժողովրդի ներկայացուցիչները, կաշկանդված չեն ցուցումներով եւ հանձնարարականներով եւ ենթարկվում են միայն իրենց խղճին»:

Իտալիայի Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Պառլամենտի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է ամբողջ ժողովրդին եւ իր լիազորություններն իրականացնում է առանց հրամայական մանդատի»:

Նույնաբովանդակ դրույթ է նախատեսված նաեւ Ֆրանսիայի 1958թ. Սահմանադրությամբ, որի 27-րդ հոդվածի համաձայն` «ցանկացած հրամայական մանդատ անվավեր է»: Սակայն ազատ մանդատը բացարձակ բնույթ չունի, այլ դրա իրականացումը ուղեկցվում է այնպիսի իրավական պայմաններով եւ երաշխիքներով, որոնք մի կողմից կբացառեն պատգամավորի կողմից իր լիազորությունների չարաշահումը, մյուս կողմից կապահովեն վերջինիս անկախությունը: Ուստի բոլոր ժողովրդավարական երկրների խորհրդարանների կանոնակարգերով նախատեսվում է պատգամավորի մի շարք պարտականություններ, որոնք անհրաժեշտ են վերջիններիս գործունեության արդյունավետությունն ապահովելու համար:

ՀՀ Սահմանադրությունը եւս չի սահմանում հրամայական պատգամավորական մանդատ: ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Սա նշանակում է, որ պատգամավորը կաշկանդված չէ ընտրողների ցուցումներով, հաշվետու չէ իրեն առաջադրած կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ ընտրողների առջեւ եւ չի կարող հետ կանչվել վերջիններիս կողմից:

Միաժամանակ, որպես պատգամավորի խորհրդարանական գործունեության անհրաժեշտ պայմաններ են հադես գալիս Ազգային ժողովի նիստերին, Ազգային ժողովի հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերին, հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին պատգամավորի պարտադիր մասնակցության, քաղաքացիներից ստացված առաջարկությունների եւ դիմումների ուսումնասիրման եւ դրանց պատասխանելու վերաբերյալ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դրույթները՝ որպես պատգամավորի պարտականություններ:

Պատգամավորի ոչ հրամայական մանդատի բնույթն ամրագրող բազմաթիվ երկրների պառլամենտների կանոնակարգերով եւս նախատեսվում են ընտրողների հետ պատգամավորի կապն ապահովելուն ուղղված դրույթներ: Խոսքը գնում է պատգամավորի այնպիսի պարտականությունների մասին, ինչպիսիք են ընտրողների հետ կապ պահպանելը, որոշակի պարբերականությամբ քաղաքացիների ընդունելություն կազմակերպելը, իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելը, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով:

Օրինակ՝ Լիտվայի Սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ «իր պարտականությունները կատարելիս Սեյմի անդամը ղեկավարվում է Լիտվայի Հանրապետության Սահմանադրությամբ, պետության շահերով, իր խղճով եւ չի կարող կաշկանդվել որեւէ մանդատով»: Իսկ Լիտվայի պառլամենտի կանոնակարգ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Սեյմի անդամը պարտավոր է մշտապես հանդիպել իր ընտրողների հետ եւ տեղեկացնել նրանց իր գործունեության մասին» [1] :

Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ «Խորհրդարանի անդամը հանդիսանում ամբողջ ժողովրդի ներկայացուցիչը, օժտված է ազատ մանդատով եւ նրա հետկանչը չի թույլատրվում»: Միաժամանակ՝ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Պատգամավորն օժտված է ազատ մանդատով, եւ նրա հետկանչը չի թույլատրվում: Իր լիազորություններն իրականացնելիս պատգամավորը կաշկանդված չէ ընտրողների եւ քաղաքական կուսակցությունների ցուցումներով: Սակայն ազատ մանդատը պատգամավորին չի ազատում ընտրողների հետ աշխատելու պարտականությունից եւ դրա հետ կապված պատասխանատվությունից»: Իսկ նույն կանոնակարգի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Պատգամավորը պարտավոր է ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ ընտրողներին տեղեկատվություն ներկայացնել իր խորհրդարանական գործունեության մասին»:

«Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամը կարգավիճակի եւ Պետական դումայի պատգամավորի կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է կապ պահպանել ընտրողների հետ, ուսումնասիրել նրանց կողմից ստացված դիմումները, անձամբ ընդունել քաղաքացիներին, ինչպես նաեւ իրականացնել ընտրողների հետ կապը պահպանող օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումներ: Պատգամավորը ընտրողներին տեղեկացնում է իր գործունեության մասին վերջիններիս հետ հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով [2] :

Այսպիսով, Նախագծով նախատեսված՝ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո պատգամավորի՝ հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ դրույթը, ըստ էության, հրամայական մանդատի պարտադիր տարրերից մեկն է: Այս առումով այն կդիտարկվի որպես պատգամավորի՝ օրենսդիր մարմնի եւ ընտրողների առջեւ հաշվետու լինելու վերաբերյալ դրույթ, հետեւաբար՝ անհամատեղելի ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի ոչ հրամայական մանդատի հետ: Պատահական չէ, որ ազատ մանդատ նախատեսող երկրների պառլամենտների կանոնակարգերով բացակայում են պատգամավորի՝ հաշվետու լինելու վերաբերյալ դրույթները, քանի որ այսպիսի իրավակարգավորումը ուղղակիորեն կհակասեր պատգամավորի ազատ մանդատն ամրագրող երկրի հիմնական օրենքին:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ`                                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան



[1] Տես Статут Сейма Литовской Республики от 17 февраля 1994 г. № I-39:

[2] Տես Федеральный закон от 8 мая 1994 г. N 3-ФЗ "О статусе члена Совета Федерации и статусе депутата Государственной Думы Федерального Собрания Российской Федерации”