«08» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                       ԻՎ-ե-150

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-604-23.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 152.1-րդ հոդվածովնախատեսվում է պատիժ նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման համար:

Առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելը, քարոզչության նպատակով պետական միջոցներ օգտագործելը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբեր տեղակայելը ՝ պատժվում է տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ ՝ մեկից երկու տարի ժամկետով»: Հիշյալ հոդվածը լրացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ գլխում:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ գլխում նախատեսված հանցագործություններն ուղղված են մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ: Հիշյալ գլխով նախատեսված բոլոր հանցագործությունների սեռային օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք ապահովում են մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Նշված հանցագործությունների անմիջական օբյեկտը՝ սահմանադրական կոնկրետ իրավունքը կամ ազատությունն է, որի դեմ ոտնձգում է այս կամ այն հանցագործությունը:

Մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված բոլոր հանցագործությունների սուբյեկտ կարող է հանդիսանալ տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ:

Մինչդեռ, նախագծի 152.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտը հատուկ է՝ համապատասխան պաշտոնատար անձը, այն է ՝ մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը, ինչպես նաեւպետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ՀՀ զինված ուժերում, ՀՀ այլ զորքերում եւ զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպչական-տնօրինչական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը:

Օբյեկտիվ կողմից այս արարքը դրսեւորվում է ենթակա հանդիսացող պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելով, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելով, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելով, քարոզչության նպատակով պետական միջոցներ օգտագործելով կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբեր տեղակայելով: Նշված բոլոր դեպքերում համապատասխան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործում է հակառակ ծառայության շահերի:

Ընդ որում տվյալ դեպքում պաշտոնատար անձը ՝

1) սահմանազանցում է իր պաշտոնական լիազորությունները ՝ կատարելով այնպիսի գործողություններ, որոնց համար նա լիազորված չէ համապատասխան օրենքներով, որոնցով նախատեսված են նրա լիազորությունները, կամ

2) գործելով համապատասխան օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ՝ այդ լիազորություններն օգտագործում է հակառակ ծառայության շահերի, այսինքն ՝ կատարում է արարք, որը չի բխում ծառայության շահերից: Ընդ որում ՝ ծառայության շահեր ձեւակերպման մեջ ընդգրկված են ոչ միայն այն պետական մարմնի, հիմնարկի, կազմակերպության կամ ձեռնարկության շահերը, որտեղ աշխատում է պետական ծառայողը, այլ նաեւ ողջ պետական ապարատի շահերը:

Տվյալ արարքի օբյեկտըպետական ապարատի (կառավարման հանրային ապարատի) նորմալ գործունեությունն եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատություններն են, այն է ՝ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացումը:

Սուբյեկտիվ կողմից տվյալ հանցագործությունը դրսեւորվում է բացառապես մեղքի դիտավորյալ ձեւով: Ընդ որում անձը պետք է գիտակցի, որ համապատասխան արարքները կատարելով ՝ ճնշում գործադրելով, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելով, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելով եւ այլն, կամ դուրս է գալիսիրենց վերապահված լիազորությունների շրջանակից, կամ այդ լիազորություններն օգտագործում է ծառայության շահերին չհամապատասխանող եղանակով:

Հետեւաբար՝ նախագծի 152.1-րդ հոդվածով նախատեսված արարքը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված հանցագործությունների օբյեկտը եւ սուբյեկտը համընկնում են, իսկ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմից նախագծի 152.1-րդ հոդվածով նախատեսված արարքը ներառվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված արարքների դիսպոզիցիաների մեջ:

Այսպես ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսում է քրեական պատասխանատվություն ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, իսկ 309-րդ հոդվածը (պաշտոնեական լիազորություններն անցնելը) ՝ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից:

Կարծում ենք, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելը, քարոզչության նպատակով պետական միջոցներ օգտագործելը կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբեր տեղակայելը ներառվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ նախատեսված արարքների շրջանակի մեջ:

Հետեւաբար՝ ստացվում է, որ նախագծով քրեականացվում է այնպիսի մի արարք, որն, ըստ էության, արդեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածներով: Կարծում ենք համապատասխան արարքի քրեականացումն հանգեցնել է ՀՀ քրեական օրենսգրքի հետագա ծանրաբեռնման, քանի որ որպես քրեորեն պատժելի է նախատեսվելու մի արարք, որի համար քրեական պատասխանատվություն արդեն իսկ նախատեսված ՀՀ քրեական օրեսնգքրի այլ հոդվածներով:

2.Նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1542 -րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ. «Թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով որեւէ թեկնածուից անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք կամ ընտրակաշառքի առաջարկ ստանալու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչեւ ընտրակաշառք կամ ընտրակաշառքի առաջարկ ստանալու վերաբերյալ իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կամովին հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը»:Ստացվում է, որ առաջարկվող փոփոխությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 1542 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալու արարքն ապաքրեականացվում է: Նախագծին կից ներկայացված հիմանավորման մեջ որեւէ խոսք չկա ՀՀ քրեական օրենսգրքի 1542 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ապաքրեականացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Հետեւաբար՝ պարզ չէ հիշյալ արարքն ապաքրեականացնելու նպատակը:Այդ առումով հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 1542 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հիմնական օբյեկտը ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես է գալիս մարդու կյանքը, առողջությունը, ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը:Ուստի ելնելով հիշյալ արարքի հանրային վտանգավորության աստիճանից՝ գտնում ենք, որ որ ՀՀ քրեական օրենսգրքի 1542 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ապաքրեականացնելու նորմատիվ անհրաժեշտությունը բացակայում է: Ուստի առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացումը նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 1542 -րդ հոդվածի 2-րդ մասից հետո:

Միաժամանակ առաջարկվող լրացմամբ նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով որեւէ թեկնածուից անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք կամ ընտրակաշառքի առաջարկ ստանալու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 1542 -րդ հոդվածից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսված միայն կաշառք ստանալու համար, բայց ոչ կաշառքի առաջարկ ստանալու համար: Մինչդեռ նախագծով առաջարկվում է պատժից ազատել ընտրակաշառքի առաջարկ ստանալու համար այն դեպքում, երբ ընտրակաշառքի առաջարկը չի հանդիսանում քրեորեն պատժելի արարք, քանի որ նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքով:

Այսինքն՝ նախագծի համաձայն ստացվում է, որ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից այնպիսի արարքի համար, որը քրեորեն պատժելի չէ:

3. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «իրավապահ մարմիններին» բառերն առաջարկում ենք փոխարինել «քրեական հետապնդման մարմիններին» բառերով՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քրեական օրենսգրքի միանման այլ հոդվածներում 312-րդ հոդվածում (կաշառք տալը) եւ 200-րդ հոդվածում (առեւտրային կաշառք) օգտագործվում է « քրեական հետապնդման մարմիններին» եզրույթը:

4. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան