«16» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                      ԻՎ-ե-162

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» (փաստաթղթային կոդ` Պ-602-17.09.2014-ՏՏ-010/0), ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6021 -17.09.2014-ՏՏ-010/0 ), ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6022 -17.09.2014-ՏՏ-010/0), ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6023 -17.09.2014-ՏՏ-010/0), ««Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6024 -17.09.2014-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փ աթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փ աթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Փ աթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետ` Նախագիծ) վերնագրից բխում է, որ Նախագծի կարգավորման առական են հանդիսանում սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման հետ կապված հարաբերությունները, ինչը ենթադրում է, որ Նախագծով պետք է կարգավորվեն գյուղացիական վարկերի սուբսիդավորման կարգը, սուբսիդիայի տրամադրման ժամկետները, սուբսիադավորման չափը եւ այլն, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման չափը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով այդ չափը սահմանված է «ոչ պակաս քան 10 տոկոսի չափով»: Այսինքն՝ ստացվում է, որ Նախագծի վերնագիրն ու դրա կարգավորման առարկան միմյանց չեն համապատասխանում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

3.Նախագծի 3-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին:

4. ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Այսպես՝ ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված են շրջանառության հարկի դրույքաչափերը, որոնց համաձայն՝ սահմանային գոտու համայնքներում որոշակի գործունեության համար սահմանված են 0 (զրո) տոկոս դրույքաչափ: Այսինքն՝ սույն նախագծի համաձայն՝ սահմանային գոտու համայնքներում որոշակի գործունեության համար չի հաշվարկվում եւ չի հարկվում շրջանառության հարկ:

««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ նշված համայնքներում արտոնագրային վճար վճարողների կողմից վճարվող արտոնագրային վճարի հաշվարկման համար սահմանվում է 0 (զրո) տոկոս գործակից: Այսինքն՝ նախագծի համաձայն սահմանային գոտու համայնքներում չի հաշվարկվում եւ չի հարկվում արտոնագրային վճար:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող շրջանառության հարկեր, հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ: Հիշյալ նորմից բխում է, որ շրջանառության հարկը եւ արտոնագրային վճարը շահութահարկին փոխարինող հարկ եւ վճար են: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքի բյուջեն ձեւավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերից, այդ թվում` հարկային եկամուտներից շահութահարկից մասհանումների միջոցով: Ստացվում է, որ եթե հիշյալ նախագծերով շրջանառության հարկի եւ արտոնագրային վճարի համար սահմանվոմ է 0 (զրո) տոկոս գործակից, ապա համայնքը զրկվում է իր եկամուտներն ինքնուրույն հավաքագրելու իրավունքից եւ կարողությունից, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 104-րդ եւ 106-րդ հոդվածների տեսանկյունից: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է ՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Սահմանադրական հիշյալ նորմը երաշխավորում է համայնքի` տեղական ինքնակառավարում իրականացնելու կարողությունը: Այդ կարողությունն ուղղված է լուծելու տեղական նշանակության հարցերը` ի բարօրություն համայնքի բնակիչների:

ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն՝ համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն: Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:

Հիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով երաշխավորվում է համայնքի` տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքը եւ կարողությունը, որն արտահայտվում է նաեւ տեղական հարկերի դրույքաչափերը ինքնուրույն սահմանելու եւ դրանքինքնուրույն հավաքագրելու միջոցով: Ավելին` Հայաստանի Հանրապետության վավերացրած` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 9-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերից եւ վճարներից, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել օրենքի շրջանակներին համապատասխան, մինչդեռ Նախագծերով, ըստ էության, համայնքը զրկվում է սեփական եկամուտները հավաքագրելու եւ համայնքի բյուջե ձեւավորելու հնարավորությունից, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիշյալ նորմերի տեսանկյունից:

5. ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1- ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ սահմանային գոտու բնակավայրերում գրանցված ֆիզիկական անձանց գույքահարկի գումարը համայնքային բյուջե վճարվում է պետական բյուջեից:

ՀՀ Սահմանդրության 104-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է ՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Սահմանադրական հիշյալ նորմը երաշխավորում է համայնքի` տեղական ինքնակառավարում իրականացնելու կարողությունը: Այդ կարողությունն ուղղված է լուծելու տեղական նշանակության հարցերը` ի բարօրություն համայնքի բնակիչների: Համայնքի «իրավունքն ու կարողությունն» տեղական ինքնակառավարման սուբյեկտի բացառիկությունն ու փաստացի հնարավորությունն է իրականացնելու տեղական ինքնակառավարում, որը ենթադրում է, որ հանրային իշխանության որեւէ այլ սուբյեկտ իրավասու չէ իրականացնել տեղական ինքնակառավարում, ինչ բխում է սահմանադրորեն ամրագրված տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության սկզբունքի պահանջներից: Այդ մասին է վկայում նաեւ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածը, որի համաձայն՝ համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն: Մինչդեռ ներկայացված նախագծով համայնքն, ըստ էության, զրկվում է իր բյուջեն ինքնուրույն ձեւավորելու կարողությունից, քանի որ նախագծի համաձայն գույքահարկի գումարը համայնքային բյուջե վճարվում է պետական բյուջեից: Այսինքն՝ փաստացի ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետությունը միջամտում է տեղական ինքնակառավարման իրականացմանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությանը, քանի որ համայնքը գույքահարկի մասով չի կարող ինքնուրույն հավաքագրել իր եկամուտները, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 104-րդ եւ 106-րդ հոդվածների տեսանկյունից:

Նույնը վերաբերում է նաեւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Հարկ է նշել նաեւ, որ «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, ինչպես նաեւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրով, իսկ 4-րդ հոդվածով սահմանված են համալիր ծրագրին ներկայացվող պահանջները: Մասնավորապես` 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համալիր ծրագիրը ներառում է նաեւ սահմանամերձ տարածաշրջանների ցանկը` ըստ բնակավայրերի, սահմանամերձ տարածաշրջանների բնակչությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները եւ այլն: Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Փաթեթի եւ «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունների շրջանակներն, ըստ էության, նույնական են: Ուստի գտնում ենք, որ Փաթեթով կարգավորվող հարաբերություններն անհրաժեշտ է նախատեսել «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերով` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հիշյալ 4-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաեւ դրա կատարումն ապահովող օրինագծերը: Հարկ է նշել, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տարեկան ծրագիրը ներառում է համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները:

6. Փաթեթում ներառված օրենքների նախագծերի (բացառությամբ ««Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» օրենքի նախագծի) 1-ին հոդվածներից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին:

7. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում նշված «կառավարության կարգով հաստատված» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կառավարության կողմից սահմանված» բառերով, քանի որ նախագծերում խոսքը պետք է գնա կառավարության կողմից սահմանված սահմանային գոտու համայքների ցանկը սահմանելու մասին:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Սարգսյան
Ա. Քոչարյան
Ա. Մանուկյան
Մ. Վասիլյան