02.10.2014                                                                                                           ԻՎ-145
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-599-12.09.2014-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուբիկ Հակոբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Դեմիրճյանի, Թեւան Պողոսյանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ եւ 3-րդ կետերի ենթակետերի համարակալումներն անհրաժեշտ է վերանայել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի5-րդ եւ 6-րդ մասերի պահանջները: Մասնավորապես` նախագծի հիշյալ կետերում նշված «2.1., 2.2., 2.3., 2.4. եւ 2.5.» եւ «3.1., 3.2., 3.3. եւ 3.4.,» թվերն անհրաժեշտ է փոխարինել համապատասխանաբար «1), 2), 3), 4) եւ 5)» եւ «1), 2), 3) եւ 4)» թվերով:

2. Նախագծի 3-րդ կետի 3.1-ին ենթակետում նշված «ողջամիտ ժամկետներում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «20-օրյա ժամկետում» բառերով` հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 301 -րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ հանձանաժողովը` իր որոշմամբ, կարող է իր քննարկմանը ներկայացված այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, որոնք պարտավոր են` 20-օրյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը եւ կարգը: Մինչդեռ նախագծով կարգավորված չեն ժամանակավոր հանձնաժողովի գործունեության հետ կապված որոշակի հարցեր: Այսպես` նախագծով ոչ ամբողջապես է կարգավորվածհանձնաժողովի նիստերի հրավիրման կարգը: Մասնավորապես` նախագծի 6-րդ կետով սահմանվում է միայն հանձնաժողովի առաջին նիստը հրավիրելու կարգը, մինչդեռ հիշյալ կետում բացակայում են այն դրույթները, որոնք վերաբերում են հանձանաժողովի հերթական նիստերի հրավիրելու կարգին: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի սահմանած օրերին, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:

4. Նախագծում բացակայում են նաեւ հանձնաժողովի նիստերի անցկացման, հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգերին վերաբերող դրույթները, որոնք սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ եւ 29-րդ հոդվածներով:

Նախագծով կարգավորված չեն նաեւ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հետ կապված հարաբերությունները: Օրինակ՝ՀՀ Ազգային ժողովի2014 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺՈ-109-Ն որոշմամբ կարգավորված են հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հետ կապված հարաբերությունները:

5. Նախագծով սահմանված չէ, թե հանձնաժողովի լիազորություններ ը երբ են դադարում, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նաեւ նրա գործունեության ժամկետը: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովի2014 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺՈ-109-Ն որոշմամբ նույնպես կարգավորված են ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների դադարման հետ կապված հարաբերությունները:

6. Ներկայացված նախագծում ոչ ամբողջապես են կարգավորված նաեւ հանձնաժողովի կազմավորման հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ Նախագիծը չի սահմանում, թե հանձնաժողովը որ պահից է կազմավորված համարվում: Ուստի առաջարկում ենք նախագծի 5-րդ կետը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման օրը»:

7. Նախագծի 7-րդ կետով նախատեսվում է. «Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ»: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածից հետեւում է, որ աշխատակազմում իրականացվում է անկախ մասնագիտական գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների իրականացման նպատակով: Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները եւ հանձնաժողովները»: Միաժամանակ, Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի ՆՈ-005-Ն որոշմամբ հաստատված Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրության 12-րդ կետով սահմանված ենաշխատակազմի հիմնական գործառույթները, որոնց թվում նախատեսված է նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների գործունեությունն ապահովելու կապակցությամբ Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան գործառույթը: Մասնավորապես՝ կանոնադրության 12-րդ կետի 21-րդ ենթակետով նախատեսվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմն իր հիմնական խնդիրներին համապատասխան սահմանված կարգով ապահովում է Ազգային ժողովի հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ պատգամավորների գործունեությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի կանոնադրությամբ արդեն իսկ նախատեսված է Ազգային ժողովի հանձնաժողովների գործունեությունն ապահովելու հետ կապված Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան գործառույթը՝ առաջարկում ենք Նախագծի 7-րդ կետը հանել:

8. Նախագծի վերնագրում եւ ամբողջ տեքստում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան