«02» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                       ԻՎ-ե-144

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-596-12.09.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանի եւ Աբրահամ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում: Այն սահմանում է, որ ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները, համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանությունում եւ ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները:

Նախագծով առաջարկվում է վերոթվարկյալներին միացնել նաեւ ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներին ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց:

ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից պարզ ՝ դառնում, որ այն արգելում է ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ լինել այն անձանց, ովքեր՝

ա) «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չեն կարող լինել կուսակցության անդամ,

բ) ընտրական գործընթացներում ունեն այնպիսի պարտականություններ, որոնց կատարումն անհամատեղելի է հանձնաժողովի անդամի պարտականությունների կատարման հետ,

գ) զբաղեցում են քաղաքական պաշտոն եւ նրանց՝ հանձնաժողովի անդամ լինելու դեպքում առկա են ողջամիտ կասկածներ, որ հանձնաժողովի անդամի պարտականությունները կատարելիս նրանց կողմից կարող է խախտել քաղաքական չեզոքությունը,

դ) ովքեր հանդիսանում են թեկնածու:

Նման պայմաններում անհասկանալի է, թե նշվածներից որ խմբում պետք է ընդգրկվեն ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներն ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձինք: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Նախագծով առաջարկվում է ՀՀ ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներին ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց զերծ պահել քաղաքական գործընթացներից:

Կարծում ենք՝ նույնպիսի տրամաբանությամբ հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից կարող էին զրկվել նաեւ, օրինակ, մշակույթի ոլորտի աշխատակիցները: Հետեւաբար, պարզ չէ, թե որն է Նախագծի հիմքում դրված տրամաբանությունը:

Գտնում ենք, որ Նախագծում առաջարկված լրացումը խտրականություն է ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողների ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց նկատմամբ եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, որի համաձայն՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Խտրականության արգելքի մասին դրույթ նախատեսված է նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ հոդվածում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ կամ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ`Ս. Առաքելյան

Ք. Խանազադյան