«01» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-141

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-594-10.09.2014-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Արմեն Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «26-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերով:

2. Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկված՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 12-րդ մասում կետերի համարակալումը վերանայել:

3. Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ձեռնարկողի կամ լիազորված մարմնի՝ հանրության հիմնավորված դիտողությունները եւ առաջարկությունները հաշվի չառնելու վերաբերյալ պատճառաբանված որոշումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով, մինչդեռ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, բացի դատական կարգից, նախատեսում է նաեւ վարչական մարմնի ընդունած ակտը վարչական կարգով բողոքարկելու հնարավորություն: Հետեւաբար՝ նախագծի 1-ին հոդվածի 9-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել նշված օրենքի պահանջներին՝ նախատեսելով նաեւ լիազորված մարմնի եւ ձեռնարկողի (պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասով) պատճառաբանված որոշումը վարչական կարգով բողոքարկելու վերաբերյալ դրույթներ, իսկ ձեռնարկող հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասով միայն դատական կարգով բողոքարկելու վերաբերյալ դրույթներ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված ֆիզիակական եւ իրավաբանական անձինք վարչական ակտ չեն կարող ընդունել:

4. Նույն խմդիրն առկա է նաեւ նույն հոդվածի 13-րդ մասում, որտեղ սահմանվել է լիազոր մարմնի կողմից կայացված որոշումների բողոքարկման հնարավորություն` բացառապես դատական կարգով, մասնավորապես` հոդվածի նշված մասը շարադրվել է հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի պահանջների խախտումով ընդունած որոշումները կարող են վիճարկվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների եւ շահագրգիռ գերատեսչությունների կողմից` դատական կարգով»: Հարկ է նշել, որ Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է` «Ձեռնարկողը, փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով», սահմանում է կայացված որոշումների եւ՛ վարչական, եւ՛ դատական կարգով բողոքարկման հնարավորություն: Առաջարկում ենք նշված որոշումների բողոքարկման վարչական կարգ նախատեսել նաեւ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկված՝ Օրենքի 26-րդ հոդվածի 13-րդ մասում: Սույն առաջարկը բխում է նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն` ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկված՝ Օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ ապահովելով դրանց համապատասխանությունն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին.

«9. Լիազորված մարմնի կողմից որոշման կայացման հիմք են հանդիսանում հանրության հիմնավորված դիտողությունները եւ առաջարկությունները: Դրանք հաշվի չառնելու դեպքում տրվում է պատճառաբանված որոշում, որը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով :

10. Լիազոր մարմնի կողմից չի կարող տրվել փորձաքննական դրական եզրակացություն, եթե խախտվել են սույն հոդվածի 2-9-րդ մասերի պահանջները: Խախտման դեպքում հանրության ծանուցման եւ քննարկումների իրականացման գործընթացը վերսկսվում է` սույն հոդվածի պահանջներին համապատասխան:

11. Լիազոր մարմնի որոշումը այն կայացնելու օրը պետք է հրապարակվի եւ առնվազն երեք ամիս տեղադրված լինի վերջինիս կայքում:»:

6. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնք վերաբերում են լիազորված անձի գույքային պատասխանատվությանը, մինչդեռ պարզ չէ, թե ով է լիազորված անձը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Օրենքում «լիազորված անձ» հասկացություն նախատեսված չէ: Ավելին՝ նշված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում եւօրենքի ամբողջ տեքստում խոսվում է լիազոր մարմնի մասին: Այդ առումով նախագծի հիշյալ հոդվածում նշված «լիազորված անձը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «լիազոր մարմինը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

7. Նույն հոդվածում նշված «շրջակա միջավայրին» բառերից հետո գրված «, կենդանական եւ բուսական աշխարհին» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Օ րենքի 4-րդ հոդվածում տրված է «շրջակա միջավայր» եզրույթի հասկացությունը, որն ընդգրկում է նաեւ կենդանական եւ բուսական աշխարհը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները վերաբերում են հանության ծանուցման եւ քննարկումների իրականացման գործող օրենքով սահմանված ժամկետների փոփոխությանը՝ 7 օրը 20 օր դարձնելուն, որի վերաբերյալ Նախագծի հիմնավորման մեջ, ըստ էության, անդրադարձ չի կատարվել:

8. Նախագծով, ըստ էության, առաջարկվում է հանրային ծանուցման եւ քննարկումների իրականացման կարգի մանրամասն կարգավորում այն պարագայում, որ Օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մասով, իսկ Նախագծի դեպքում՝ դրանով առաջարկված 26-րդ հոդվածի 14-րդ մասով, հիշյալ կարգի սահմանումը վերապահվել է ՀՀ կառավարությանը:

Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան, նախատեսելով պահանջ հասարակայնության մասնակցությունն ապահովելու ընթացակարգերի սահմանման վերաբերյալ՝ չի պնդում, որ այդ ընթացակարգերը պետք է նախատեսվեն հենց օրենքի մակարդակով: Ավելին՝ կոնվենցիայի տեքստում օգտագործելով ազգային օրենսդրություն հասկացությունն առավելապես ընդգծվում է նշված հարցերի իրավական կարգավորվածության առաջնայնությունը, իսկ թե ինչ իրավական ակտով (օրենքո ՞ վ, թե ՞ կառավարության որոշմամբ) կկարգավորվեն նշված ընթացակարգերը, թողնված է պետության հայեցողությանը: Այսինքն՝ նշված կոնվեցիան չի պարունակում պարտադիր պահանջ այն մասին, որ հիշյալ ընթացակարգերը պետք է կարգավորվեն բացառապես օրենքով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ գործող օրենքի կարգավորումները համահունչ են Օրհուսի կոնվեցիային:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ կամ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Առաքելյան

Ս. Թեւանյան