«10» սեպտեմբերի 2014 թ.                                                                                               ԻՎ-ե-134

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին»(փաստաթղթային կոդ՝Պ-582-29.08.2014-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-5821 -29.08.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի եւ Լեւոն Զուրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծեր) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին հոդվածի համաձայն` օրենքը սահմանում է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու հիմքերը, պայմաններն ու կարգը: Նախագծի 3-րդ եւ 7-րդ հոդվածները վերաբերում են համապատասխանաբար փոխհատուցում տրամադրելու հիմքերին եւ կարգին, իսկ պայմանների մասին նշում Նախագծի որեւէ հոդվածում չկա: Հետեւաբար առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածը, որը վերաբերում է (վերնագրված է՝ Տուժողի կողմից փոխհատուցման պահանջի ներկայացման դեպքերոն ու ժամկետները), փոխհատուցման պայմաններին, կատարել փոփոխություններ ՝ ո նախագծի 5-րդ հոդվածի վերնագրում «դեպքերն ու ժամկետները» բառերը փոխարինելով «հիմքերն ու ժամկետները» բառերով:Այդ դեպքում կապահովվի նախագծի 1-ին եւ նախագծի 5-րդ հոդվածների համապատասխանությունը:

3. Նախագծի 2-րդ հոդվածում տրվում է բռնությամբ կատարված հանցագործության հասկացությունը: Որպես այդ արարքի երեք հատկանիշներ սահմանված են ՝

1) ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված լինելը.

2) ֆիզիկական եւ հոգեկան բռնության գործադրմամբ կատարված լինելը.

3) տուժողի մահ առաջանալը կամ նրան ծանր կամ միջին ծանրության վնասվածք պատճառելը:

ՀՀ քրեական օրենագրքի 112-րդ հոդվածի համաձայն` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելն է:

ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելն է: Վերը նշված երկու հանցագործությունների դիսպոզիցիաների վերլուծությունից բխում է, որ դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասը դրսեւորվում է ոչ միայն ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելով, այլ նաեւ ծանր կամ միջին այլ վնաս պատճառելով:

Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածների դիսպոցիզիան ավելի լայն է, քան «ծանր կամ միջին ծանրության վնասվածք պատճառելը», քանի որ «այլ վնասը» կարող է պատճառվել առանց մարդու օրգանիզմի անատոմիական ամբողջականությունը խախտելու:

Հետեւաբար` նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված արարքները ամբողջությամբ ընգրկելու համար առաջարկում ենք «վնասվածք» բառը փոխարինել «վնաս» բառով:Այդ փոփոխությունը պետք է կատարել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում եւ 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում:

Միաժամանակ առաջարկում ենք «նրան» բառը փոխարինել «նրա առողջությանը» բառերով, ինչը նույնպես կապահովի Նախագծի 2-րդ հոդվածի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածների համապատասխանությունը:

Հետեւաբար` առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված «տուժողի մահ առաջանալը կամ նրան ծանր կամ միջին ծանրության վնասվածք պատճառելը» բառերը փոխարինել «տուժողի մահ առաջանալը կամ նրա առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը» բառերով:

4. Կարծում ենք նախագծի 2-րդ եւ 11-րդ հոդվածների միջեւ առկա է հակասություն: Այսպես` նախագծի 11-րդ հոդվածի համաձայն՝ օգտագործվում է «բռնությամբ կատարած հանցագործությամբ տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը» բառակապակցությունը: Հիշյալ ձեւակերպումը հակասում է նախագծի 2-րդ հոդվածին, որի համաձայն բռնությամբ կատարված հանցագործություններ են համարվում միմիայն այն դեպքերը, երբ առաջացրել է տուժողի մահ կամ նրան պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնասվածք:

Նշված հակասությունը պայմանավորված է նրանով, որ «առողջությանը պատճառված վնասը» ձեւակերպումն ընդգրկում է ոչ միայն ծանր կամ միջին ծանրության վնասը, այլ նաեւ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առողջությանը վնաս պատճառող այլ արարքներ (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, ծեծը, խոշտանգումը): Ուստի կարծում ենք, որ հարկավոր է համապատասխան փոփոխություններ կատարել նախագծի 11-րդ հոդվածում ՝ վերացնելով նշված հակասությունը եւ ապահովելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների իրացումը, որոնց համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում թվարկվում են բռնությամբ կատարված հանցագործության զոհին փոխհատուցում տրամադրելու իրավական հիմք հանդիսացող իրավական ակտերը, որոնց ցանկում նշված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը: Սակայն նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասում նշվում է, որ փոխհատուցման պահանջը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվելու դեպքում, այն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

Հետեւաբար` առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք» բառերը:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «արարքի հետեւանքով մահացած կամ ծանր կամ միջին ծանրության վնասվածք» արտահայտությունը: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ՝ «բռնությամբ կատարված հանցագործության հետեւանքով անձին պատճառվել է մահ», իսկ 2-րդ կետում ՝ «բռնությամբ կատարած հանցագործության արդյունքում անձի առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնասվածք» արտահայտությունները:

Հետեւաբար` առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «արդյունքում»բառը փոխարինել «հետեւանքով» բառով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

7. Նախագծի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ եւ 13-րդ հոդվածներում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել` դարձնելով «Հայաստանի Հանրապետության»` ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներից:

8.Նախագծի 4-րդ հոդվածի վերնագրից եւ նույն հոդվածի 1-ին մասից բխում է, որ հիշյալ հոդվածի իրավակարգավորման առարկան է հանդիսանում բռնությամբ կատարված հանցագործության զոհի փոխհատուցում ստանալու հիմքերի սահմանումը:

Նույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված են այն հիմքերը, որոնց պարագայում բռնությամբ կատարված հանցագործության զոհը ստանում է փոխհատուցման իրավունք, մինչդեռ նույն հոդվածի 2-րդ մասը վերաբերում է փոխհատուցման պահանջով դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակին` տուժողին եւ նրա իրավահաջորդին:

Այսինքն` նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է ոչ թե փոխհատուցում ստանալու հիմքերի մասին, այլ փոխհատուցման պահանջով դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների մասին, ինչը չի բխում հիշյալ հոդվածի վերնագրից եւ դրա կարգավորման առարկայից: Հետեւաբար` կարծում ենք՝ նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է նախատեսել առանձին հոդվածով կամ փոխել նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

9. Առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված «երբ հանցագործություն կատարած անձը չի հայտնաբերվել» բառերըփոխարինել «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ» բառերով` հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասը:

10. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերն ու ժամկետները չեն պահպանվում, եթե հանցագործություն կատարած անձը անվճարունակ է կամ մահացել է (ճանաչվել է մահացած):

Նախ՝ անհասկանալի է, թե նախագծի հեղինակներն ինչ են նկատի ունեցել ՝ նշելով «դեպքերը» ձեւակերպումը, ո ՞ ր դեպքերի պահպանման մասինէ խոսքը:

Բացի այդ, կարծում ենք՝ նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չպետք է պահպանվեն ոչ միայն այն դեպքերում երբ անձը ճանաչվել էմահացած, այլ նաեւ՝ երբ ճանաչվել է անհայտ բացակայող: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել «ճանաչվել է անհայտ բացակայող» բառերը:

11. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ փոխհատուցման մեջ հաշվարկվող ծախսեր են համարվում նաեւ «այլ ծախսերը», իսկ նույն մասի 3-րդ կետի համաձայն՝ նաեւ բարոյական վնասի փոխհատուցման գումարը: Այդ առումով գտնում ենք, որ նախագծի հիշյալ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «այլ ծախսերը» իրենց մեջ ներառում են նաեւ բարոյական վնասի փոխհատուցման գումարը, քանի որ բարոյական վնասի դեպքում նույնպես հնարավոր չէ ներկայացնել ֆինանսական փաստաթղթեր:

Հետեւաբար` առաջարկում ենք կամ հանել նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, կամ փոխել 1-ին մասի 2-րդ կետը ՝ հանելով «այլ ծախսեր» ձեւակերպումը:

Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն փոխհատուցման մեջ հաշվարկվող ծախսեր են համարվում նաեւ պահանջի ապահովմանն ուղղված` տուժողի կողմից կատարված դատական ծախսերը: Այսինքն` ստացվում է, որ նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե տուժողը փոխհատուցում ստանալու համար դիմում է լիազոր մարմին, ապա լիազոր մարմինը պետք է հաշվարկի նաեւ տուժողի կատարված դատական ծախսերը` հիմք ընդունելով նաեւ նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները:

Այդ առումով պարզ չէ, թե ինչ դատական ծախսերի մասին է խոսքը, եթե տուժողը փոխհատուցում ստանալու համար դեռեւս չի դիմել դատարան, այլ նշված պահանջը ներկայացրել է միայն լիազոր մարմնին: Ուստի նշված դեպքում անիրատեսական ենք համարում դատական ծախսերի հատուցման մասին խոսելը եւ դրանց հաշվարկը, եւ հետեւաբար, առաջարկում ենք հանել համապատասխան ձեւակերպումը:

12. Նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածների մասերն անհրաժեշտ է համարակալել` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

13. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժողը, փոխհատուցում ստանալու իրավունքը սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ժամկետներով ծագելուց հետո, 6 ամսվա ընթացքում կարող է դիմելլիազոր մարմնին, փոխհատուցում ստանալու համար:

Սույն նախագծում անհասկանալի է «6 ամսվա ընթացքում կարող է դիմել» արտահայտության իրավական բովանդակությունը: Մասնավորապես` արդյո ՞ ք այդ ժամկետը հայցային վաղեմության կամ մարման ժամկետ է, եւ այն բաց թողնելը կարո ՞ ղ է անհնարին դարձնել տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից համապատասխան փոխհատուցում ստանալը, կամ նշված ժամկետը բաց թողնելը կարո ՞ ղ է հնարավոր դարձնել միմիայն դրա բաց թողումը հարգելի դարձնող հանգամանքների առկայության դեպքում:Նման դեպքում նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասը, կարծում ենք, կհակասի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ կետին, որի համաձայն` հայցային վաղեմություն չի տարածվում քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա:

Ուստի կարծում ենք՝ նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված 6-ամսյա ժամկետը պետք է հստակեցվի:

14. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում ՝ երեք օրվա ընթացքում այն պատշաճ կերպով ուղարկելով դիմողին:

Առաջարկում ենք «պատշաճ կերպով» բառերը փոխարինել «պատշաճ ձեւով» բառերով` դրանով իսկ ապահովելով համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին, որում բացառապես օգտագործվում է «պատշաճ ձեւ»բառակապակցությունը, քանի որ լիազոր մարմնին դիմում ներկայացնելը եւ դրա քննարկման, բավարարման կամ մերժման ընթացակարգերն իրենց բնույթով վարչարարություն են, իսկ վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանված են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:

15. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվում է «փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ» արտահայտությունը, մինչդեռ նախագծի 5-րդ հոդվածից համաձայն` այդպիսին հանդիսանում է տուժողը, ուստի առաջարկում ենք 7-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի» բառերը փոխարինել «տուժողի» բառով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ մասի պահանջը (նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները):

16. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված են փոխհատուցման դիմումը բավարարելու մասին դիմումին ներկայացվող պահանջները, սակայն նախագծով սահմանված չեն դիմումը մերժելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները: Ուստի առաջարկում ենք նախագծով սահմանել դիմումը մերժելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները:

17. Նախագծի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` փոխհատուցման չափի հաշվարկն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով: Որոշակի տարբերություններով նույնանման կարգավորում սահմանված է նաեւ նախագծի 12-րդ հոդվածով, որում նշվում է, որ տուժողին տրվող փոխհատուցման չափը որոշվում է լիազոր մարմնի կամ նրա որոշումը բողոքարկվելու դեպքում ՝ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով եւ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

Տարբերությունները կայանում են նրանում, որ նախագծի 7-րդ հոդվածի 8-րդ մասը հղում է անում միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, իսկ նախագծի 12-րդ հոդվածը ՝ ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը, ինչը, ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, ավելի լայն հասկացություն է:

Բացի այդ՝ նախագծի 7-րդ հոդվածի 8-րդ մասը նշում է, որ փոխհատուցման չափը որոշում է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, մինչդեռ նախագծի 12-րդ հոդվածը միմիայն փոխհատուցման կարգի մասով է հղում անում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը, իսկ հիմքերի մասով ՝ նախագծին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ հակասությունները: Հետեւաբար` առաջարկում ենք նշվածներից թողնել 12-րդ հոդվածը, քանի որ այն նախ` ավելի մանրամասն կարգավորում է առաջարկում, երկրորդ ՝ կարծում ենք՝ «փոխհատուցման չափի որոշումն» արտահայտությունը կիրառելն ավելի տեղին է քան «Փոխհատուցման չափի հաշվարկն իրականացվում» արտահայտությունը, եւ երրորդ` փոխհատուցման հիմքերը սահմանվում են սույն նախագծով, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

18. Նախագծի 8-րդ հոդվածը լիազոր մարմնին կամ նրա որոշումը բողոքարկվելու դեպքում` դատարանին, հնարավորություն է տալիս նվազեցնել կամ մերժել փոխհատուցումը (կարող է նվազեցնել կամ մերժել): Այդպիսի ձեւակերպումն իր մեջ պարունակում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը` պաշտոնատար անձանց իրավունքների եւ պարտականությունների ոչ հստակ լինելը:

Ըստ այդ ենթակետի` պաշտոնատար անձանց իրավունքների եւ պարտականությունների ոչ հստակ լինելը, որպես կոռուպցիոն գործոն, հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձեւակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն:

Հետեւաբար` առաջարկում ենք «կարող է նվազեցնել կամ մերժել» բառերը փոխարինել «նվազեցնում կամ մերժում է» բառերով, քանի որ գտնում ենք, որ նման հիմքերի առկայության դեպքում փոխհատուցման պահանջի նվազեցումը կամ մերժումը լիովին արդարացված է:

19. Հիմնավորման մեջ նշված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն` փոխհատուցման գումարը կարող է նվազեցվել կամ մերժվել` հաշվի առնելով դիմողի ֆինանսական վիճակը (7-րդ հոդված): Մինչդեռ Նախագծով զոհի կամ տուժողի իրավահաջորդի ֆինանսական վիճակը սահմանված չէ որպես փոխհատուցման գումարի մերժման կամ նվազեցման հիմք:

Հետեւաբար, առաջարկում ենք նախագծի շրջանակներում դիտարկել համապատասխան հիմքի լրացման հնարավորությունը:

20. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում օգտագործվում է «կազմակերպված հանցավոր խումբ» արտահայտությունը, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքում նման ձեւակերպում սահմանված չէ, այլ որպես հանցակցության տեսակ նախատեսված է «կազմակերպված խումբ» հասկացությունը: Հետեւաբար` «կազմակերպված հանցավոր խումբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կազմակերպված խումբ»բառերով` հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի պահանջները:

Բացի այդ՝ նախագծում հարկավոր է նախատեսել, որ տուժողի կողմից հանցավոր համագործակցության անդամ լինելու եւ հանցագործությունն այդ համագործակցության (դրա անդամի) կողմից կատարված լինելու դեպքում եւս փոխհատուցման չափը պետք է նվազեցվի կամ մերժվի, քանի որ հանցավոր համագործակցությունը հանցակցության առավել վտանգավոր ձեւ է, քան կազմակերպված խումբը:

Նույնանման կարգավորում առաջարկում ենք սահմանել նաեւ նախնական համաձայնությամբ հանցագործություն կատարելու դեպքում:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք նշված հոդվածի 2-րդ կետում կազմակերպված խմբի հետ միասին սահմանել նաեւ հանցակցության մյուս երկու ձեւերը ՝ նախնական համաձայնությամբ հանցագործության կատարումը եւ հանցավոր համագործակցության կողմից հանցագործության կատարումը:

21. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերն, ըստ էության, արտացոլում են այն դեպքերը, երբ տուժողին փոխհատուցում տրամադրելը մասամբ կամ ամբողջությամբ կհակասի արդարադատության շահին: Այսպես 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնմինչեւ հանցագործության կատարումը տուժողը իր գործողություններով եւ վարքագծով, սադրել է իր նկատմամբ կատարված հանցանքը, իսկ 2-րդ կետի համաձայն տուժողը կազմակերպված հանցավոր խմբի անդամ էեւ բռնությամբ կատարված հանցագործությունը կատարվելէ այդ խմբի (անդամի) կողմից: Նշված կետերով սահմանված դեպքերում էլ տուժողին կամ նրա իրավահաջորդին փոխհատուցում տրամադրելը կհակասի արդարադատության շահերին: Հետեւաբար այդ երկու կետերն էլ հանդիսանում են 3-րդ կետով նախատեսված ընդհանուր կանոնի հատուկ դեպքեր:

Հետեւաբար` առաջարկում ենք 8-րդ հոդվածի 3-րդ մասում «տրամադրելը» բառից հետո լրացնել «այլ կերպ» բառերը:

Նույն մասում «փոխհատուցման» բառն առաջարկում ենք փոխարինել «փոխհատուցում» բառով` ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններից:

22. Նախագծի 9-րդ հոդվածում, ըստ էության, նախատեսված է փոխհատուցման նվազեցման կամ մերժման եւս մեկ հիմք (տուժողը համապատասխան չափով փոխհատուցում է ստացել սոցիալական ծառայությունից, ապահովագրական ընկերությունից կամ որեւէ այլ աղբյուրից), ուստի առաջարկում ենք նշված հիմքը տեղափոխել «Փոխհատուցում տալու նվազեցումը կամ մերժումը» վերնագրով նախորդ` 8-րդ հոդված` ելնելով հիշյալ հոդվածի կարգավորման առարկայից:

23. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բռնությամբ կատարված այն հանցագործություններով, որոնք կատարվել են խմբի կողմից, խմբի անդամների նկատմամբ պետությունը հետադարձ պահանջ ներկայացնում է վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխան, իսկ մեղքի աստիճանը որոշելու անհնարինության դեպքում ՝ համապարտ:

Այսինքն` նշված հոդվածի համաձայն պետությունը ռեգրեսի իրավունքն իրականացնելիս բռնագանձումն իրականացնում է վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխան: Անհրաժեշտ է նշել, որ իրավախախտներից համապատասխան գումարի բռնագանձման (նրանց մեղքի աստիճանին համապատասխան կատարելու վերաբերյալ) կարգավորում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսված չէ: Ավելին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ որեւէ մեխանիզմ, որը կարող է հնարավորություն տալ որոշելու իրավախախտումը (տվյալ դեպքում հանցագործությունը) կատարելիս իրավախախտներից (տվյալ դեպքում՝ հանցագործներից) յուրաքանչյուրի մեղքի աստիճանը եւ հետեւաբար կատարել նրանից պատճառված վնասի բռնագանձում ՝ ըստ այդ աստիճանի:Հետեւաբար` առաջարկում ենք հանել նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը:

24. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում երկու անգամ օգտագործվում է «խմբի» արտահայտությունը: Երկու դեպքերում էլ առաջարկում են այն փոխարինել «մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության» բառերով` համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածին ՝ ելնելով 20-րդ կետում նախատեսված իրավական դիրքորոշումից:

25. Նախագծի 11-րդ հոդվածը կարգավորում է պայմանագրային պարտավորություններ կամ այլ պարտականություններ կատարելիս բռնությամբ կատարված հանցագործությամբ կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Այսպես, 11-րդ հոդվածի համաձայն ՝ պայմանագրային պարտավորություններ, պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների եւ այլ ծառայողական պարտականություններ կատարելիս բռնությամբ կատարած հանցագործությամբ տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցվում է սույն օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով, եթե այլ օրենքով ավելի բարենպաստ պայմաններ նախատեսված չէ:

Այդ առումով նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-րդ հոդվածով հիշյալ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են: Ընդ որում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ նախագծի 11-րդ հոդվածի միջեւ առկա է որոշակի հակասություն: Այսպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-րդ հոդվածի համաձայն պայմանագրային պարտավորություններ, ինչպես նաեւ զինվորական ծառայություն, ոստիկանական ծառայություն եւ այլ համապատասխան պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցվում է սույն գլխով նախատեսված կանոններով, եթե պատասխանատվության ավելի բարձր չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հնարավորություն է տալիս պատասխանատվության ավելի բարձր չափ սահմանել եւ օրենքով, եւ պայմանագրով, իսկ նախագիծը ՝ միայն օրենքով: Բացի այդ ՝ նախագծի ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-րդ հոդվածը այլեւս չի կարգավորելու որեւէ հարաբերություն, քանի որ այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են լինելու նախագծով առաջարկված օրենքով: Հետեւաբար, առաջարկում ենք սույն օրենսդրական նախաձեռնության շրջանակներում դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու հնարավորությունը:

Հարկ է նշել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ եւ 48-րդ հոդվածները հարկադիր կատարողին իրավունք են տալիս որոշակի դեպքերում գործադրել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ ու հրազեն: Նշված օրենքի 48-րդ հոդվածն էլ անդրադառնում է դրանք գործադրելու սահմաններին: Հետեւաբար` գտնում ենք, որ նախագծի 11-րդ հոդվածում պետք է կատարել համապատասխան լրացում` թվարկված մարմինների շարքին ավելացնելով նաեւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

26. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օրենքի ուժ մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում 2002թ. ապրիլ 23-ից հետո տեղի ունեցած բռնությամբ կատարված հանցագործություններով տուժողներըկարող են դիմել լիազոր մարմին ՝ փոխհատուցում ստանալու համար:

Քանի որ նույն հոդվածի 2-րդ մասում հեղինակն օրենքին տալիս է հետադարձ ուժ եւ նրա կիրառելիության ժամկետն առաջարկում հաշվարկել 2002թ. ապրիլի 26-ից, առաջարկում ենք նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «ապրիլ 23-ից» բառերը փոխարինել «ապրիլի 26-ից» բառերով:

27. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ՝ 6-րդ մասով.

«6. Բռնությամբ կատարված հանցագործություններով, երբ հանցագործություն կատարած անձի հայտնաբերելը եւ քրեական պատասխանատվության ենթարկելը անհնարին է, կամ հանցագործության մեջ մեղադրվող անձը մահացած է կամ անվճարունակ, տուժողն ունի փոխհատուցում ստանալու իրավունք:»:

Նշված կարգավորմամբ «հայտնաբերելը» եւ «քրեական պատասխանատվության ենթարկելը» միմյանց կապված են «եւ» շաղկապով, ինչը նշանակում է, որ առաջարկվող լրացմամբնշված նորմի կիրառման համար անհրաժեշտ է այդ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը: Այնինչ համաձայն «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` «հայտնաբերելը» եւ «քրեական պատասխանատվության ենթարկելը» պետության կողմից տուժողին փոխհատուցում տալու առանձին հիմքեր են:

Հետեւաբար, առաջարկում ենք թվարկված երկու արտահայտություններն իրար կապել «կամ» շաղկապով, որպեսզի պայմաններից մեկի առկայությունն էլ բավական լինի նորմի կիրառման համար: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասից, որի համաձայն ՝ այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը:

Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարվող լրացման հետ կապված ցանկանում ենք նաեւ նշել հետեւյալը: Այսպես, օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը:

Այսինքն ՝ գործող քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս տուժողին օրենքով սահմանված կարգով ստանալ իրեն պատճառված վնասի հատուցում: Նման դեպքում, կարծում ենք, անհասկանալի է, թե ինչ խնդիր է լուծվելու քրեական դատավարության օրենսգրքում լրացվող օրենքում, եթե «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվի:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ`

առաջատար մասնագետ Ս. Առաքելյան
I-ին կարգի մասնագետ Ք. Խանազադյան