24 հուլիսի 2014թ.                                                                                                                 ԻՎ-ե-115

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-568-21.07.2014-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի, Մնացական Մնացականյանի, Էդմոն Մարուքյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

Սահմանադրությանը, օ րենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «առարկություններով» եւ «առաջարկություններով» բառերը Սահմանադրության համանմանությամբ իրարից անջատել միայն ստորակետով` որպես հիմնավորում ներկայացնելով կետադրական նշաններով պայմանավորված իրավական նորմերի բովանդակության եւ նշանակության փոփոխությունը՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:Սակայն նշենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմանները, ինչպես նաեւ միայն ստորակետերով բաժանված պայմաններն ունեն միեւնույն իրավական նշանակությունը: Այսինքն` անկախ նրանից, թե «առարկություններ» եւ «առաջարկություններ» բառերը իրարից բաժանված են «եւ», «ու» շաղկապներով, թե ստորակետով, դրանից նորմի իրավական բովանդակությունը չի փոխվում:

2. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում խոսվում է Ազգային ժողովի կողմից նշանակված սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման մասին, սակայն չի նախատեսվում նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու կարգը, ինչն ամրագրված է սահմանադրության 83-րդ հոդվածի 3-րդ կետում: Նշված հոդվածը ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք քննարկել օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը Սահմանադրության 83-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխանեցնելու հարցը:

3.Առաջարկում ենք Օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի 3-րդ պարբերություններից եւ 8-րդ մասի 2-րդ պարբերությունից «վեց տարի ժամկետով» բառերը տեղափոխել նշված մասերի 1-ին պարբերության՝ «Ազգային ժողովը» բառերից հետո՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 83.3 եւ 83.4 հոդվածների դրույթներին:

4. Օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությունում նշված է .«Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին»: Առաջարկում ենք «Ազգային ժողովը» բառերից հետո ավելացնել «Հանրապետության Նախագահի առաջարկությամբ» բառերը՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 83.3 հոդվածի դրույթներին: Նույն խնդիրն առկա է նաեւ 8-րդ մասի 3-րդ պարբերությունում:

5.Օրենքի 97-րդ հոդվածի 10-րդ, 12-րդ, 13-րդ եւ 14-րդ մասերում նշված է մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուի մասին եւ հղում է կատարվում Օրենքի 26-րդ հոդվածի 1.1 կետին, որտեղխոսվում է մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների մասին: ՈՒստի առաջարկում ենք վերոհիշյալ մասերը համապատասխանեցնել Օրենքի 26-րդ հոդվածի 1.1 կետի դրույթներին:

6.Տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 97-րդ հոդվածի 11-րդ մասի «որեւէ պաշտոնում» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնում» բառերով:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ
ՎԱՐԻՉ                                                                                                     Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ա.Մանուկյան