«16» հուլիսի2014 թ.                                                                                             ԻՎ-ե-104

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-555-20.06.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

1. Առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, որի համաձայն Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում մեծատառերով պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

2. Նկատի ունենալով, որ Նախագծի 2-րդ հոդվածում եւս օգտագործվում է «Օրենսգիրք» բառը, ուստի անհրաժեշտ է որպեսզի Նախագծով առաջարկվող 1-ին հոդվածում «օրենսգիրք» բառից հետո լրացնել «( այսուհետ՝ Օրենսգիրք )» բառերը:

3. Նախագծով առաջարկվող 2-րդ հոդվածի 3-րդ մասում «նույն արարքը» եւ «մարդու» բառերը պետք է փոխարինվեն համապատասխանաբար «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը» եւ «տուժողի» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հետեւանքով է անզգուշությամբ առաջացել տուժողի մահը: Բացի այդ, «նույն արարք» բառերն կարող էին օգտագործվել, եթե հոդվածը բաղկացած լիներ երկու մասերից, մինչդեռ հեղինակներն առաջարկում են լրացնել հոդվածը նոր՝ երրորդ մասով:

Նկատի ունենալով, որ քննարկվող հանցագործությունը կարող է կատարվել մեղքի երկու ձեւերով՝

ա) երբ հանցավորի դիտավորությունը ուղղված է առողջությանը ծանր վնաս պատճառելուն եւ բ) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Այսինքն, տուժողը այն անձն է, որի նկատմամբ կատարված հակաիրավական գործողությունների հետեւանքով նրան պատճառվել է որոշակի վնաս եւ անձը տուժողի վիճակում է հայտնվել այն պահից, երբ հանցավոր ոտնձգություն է կատարվել օրենքով պաշտպանվող նրա իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ: Հանցագործությամբ անձին պատճառված ֆիզիկական վնասի հետեւանքով կարող են առաջանալ՝ մահ, ծանր կամ այլ մարմնական վնասվածքներ: Տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելով (առաջնային հետեւանք) առաջ է գալիս մեկ այլ առավել ծանր հետեւանք՝ նրա մահը (երկրորդային հետեւանք):

Բացի այդ, ինչպես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում(օրինակ՝ հոդվածներ 122-րդ, 125-րդ, 131-րդ, 132-րդ, 1322- րդ, 133-րդ, 134-րդ եւ այլն) այնպես էլ այլ երկրների (Ռուսաստանի Դաշնություն եւ այլ) քրեական օրենսգրքերի նմանատիպ հոդվածներում «մարդ» բառի փոխարեն օգտագործվում է «տուժող» տերմինը:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի( այսուհետ՝ Օրենսգիրք ) 112-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 14-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով»:

Հոդված 2. Օրենսգրքի 273-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «ապօրինի» բառը:»:



ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՎԱՐԻՉ                                                          Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Կատարողներ՝

Ա. Ավագյան 513-650

Լ. Աբովյան 513-485