«10» հունիսի 2014 թ.                                                                                                     ԻՎ-ե-96

   ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-530-20.05.2014-ՊԻ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5301 -20.05.2014-ՊԻ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:

2. Նախագծերի փաթեթն ամբողջական լրամշակման կարիք ունի, քանի որ ներկայացված առաջարկները չեն համապատասխանում ինչպես Հայաստանի Հանրապետության քրեական, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի պահանջներին:

Բացի այդ, ինչպես նշված է տեղեկանք - հիմնավորման մեջ առաջարկվող փոփոխությունները ոչ մեղմացնում են, ոչ էլ վերացնում քրեական պատասխանատվությունը (ապաքրեականացնում) տնտեսական խախտումների համար:

Նախագծերի փաթեթը զերծ չէ ինչպես խմբագրական, այնպես էլ իրավական բնույթի անճշտություններից:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ներկայացված Նախագծի համաձայն. «Հոդված 2. Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով,կամ չվճարված գումարի եռապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը:»:

Սակայն՝

ա) Նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է շարադրել նոր հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 198-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած»:

բ) Ինչ վերաբերում է Նախագծ ի 2-րդ հոդվածով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելուն, ապա անհրաժեշտ է, որ այն ունենա վերնագիր՝ ինչը նախատեսված է ինչպես «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի կառուցվածքով:

գ) Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «առանձնապես» բառը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված «խոշոր» չափը, կարծես թե, մեխանիկորեն տեղափոխված եւփոխարինված է նույն հոդվածի 2-րդ մասում «առանձնապես խոշոր» չափով: Տվյալ դեպքում նման փոխարինումը հնարավոր կլինի միայն նշված հոդվածում «խոշոր չափ» սահմանված լինելու դեպքում:

դ) ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն տուգանքը նշանակվում է օրենքով նախատեսված սահմաններում պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով: Մինչդեռ, հեղինակները Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում են տուգանք «նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի » չափով, որը նախատեսված չէ, համաչափ չէ եւ չի համապատասխանում 51-րդ հոդվածովսահմանված տուգանքի չափերին:

ե) Անհասկանալի է նաեւ Նախագծի նույն 2-րդ հոդվածի սանկցիայում առաջարկվող մյուս փոփոխությունը՝ «չվճարված գումարի եռապատիկի չափով», այսինքն հստակ չի նշված թե ինչ ասել է «չվճարված գումար »:

զ ) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «հոդվածով» բառը անհրաժեշտ է փոխարինել «հոդվածում» բառով:

է) Նախագծի 2-րդ հոդվածի «1» թվից առաջ առաջարկում ենք ավելացնել«Հոդված 205» եւ հոդվածի վերնագիրը՝ այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի, որի համաձայն հոդվածը պետք է ունենա վերնագիր եւ 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված»բառը:

Նույնը վերաբերվում է «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի1-ին կետին:

ը) Նախագծի 3-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին շարադրելով նոր խմբագրությամբ.

«Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ա) Նախագծի ամբողջ տեքստում անհրաժեշտ է հստակեցնել օրենսգրքի անվանումը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք»:

բ) Նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ եւ 40-րդ հոդվածների պահանջներին:

գ) Նախագծի 1-ին հոդվածի «48» թիվը առաջարկում ենք փոխարինել «47» թվով, քանի որ փոփոխությունը առաջարկվում է կատարել 47-րդ հոդվածում:

դ) Նախագծով առաջարկվող լրացումների հարցը ենթակա է քննարկման, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքից համապատասխան հոդվածները մեխանիկորեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք՝ անտեսելով մի շարք հանգամանքներ: Այսպես, Հայաստանի Հանրաապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 23-րդ հոդվածում վարչական տույժերի տեսակների մեջ նախատեսված չէ կալանք կամ ազատազրկում (դրանք ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հանցագործության համար նախատեսված պատժի տեսակներ են, ինչպես նաեւ նախատեսված չէ այն հոդվածը, որով պետք է սահմանվի այն պետական մարմինը, որը պետք է կոնկրետ իրականացնի վարչական վարույթ՝ նոր ներկայացված առաջարկներով, ինչը պետք է նախատեսված լիներ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի « Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները» վերնագրով 3-րդ հատվածում ):

Այսպիսով, կարծում ենք, որ առաջարկվող լրացումները չեն համապատասխանում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության բնույթին եւ պահանջներին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ խմբագրական բնույթի այլ դիտողությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                       Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ա. Ավագյան, հեռ. 513-650

Ք.Մանուկյան, հեռ. 513-425