«30» ապրիլի 2014 թ.                                                                          ՓՎ-ե-63

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-492-15.04.2014-Պ Ա -010/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումըհամահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին :

2. Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծի վերնագրի «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ Նախագծում առկա է մեկ լրացում նախատեսող հոդված:

2.2. Նախագծի 1-ին հոդվածի շարադրանքից հետեւում է, որ Նախագծում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի» բառերի փոխարեն այսուհետ պետք է օգտագործվի «օրենսգիրք» բառը, ինչն օրինաստեղծ պրակտիկայում ընդունված է որպես կանոն, մինչդեռ, Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում օգտագործվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի» կրճատ անվանումը, այն է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի...» բառերը : Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2.3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի մի շարք մասերի սանկցիաներում (ըստ Նախագծի՝ կետերում) տուգանքների չափերի փոփոխություններ կատարել: Այ ս կապակցությամբ, հիմք ընդունելով նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության պահանջը, համաձայն որի. «Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):», անհրաժեշտ է ապահովել գործող օրենքի եւ Նախագծի շարադրանքի համապատասխանությունը եւ Նախագծի 1-ին հոդվածի տեքստում «կետ ում » բառը փոխարինել «մասի սանկցիայում» բառերով: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածին:

2.4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում «11-30» թվերը փոխարինել «11-20» թվերով, իսկ նույն մասի սանկցիայում «երեսնապատիկի» բառը՝ «տասնապատիկի» բառով: Այսինքն, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսվում է սահմանել տուգանքի միեւնույն չափը, ինչը սահմանված է Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում:Սակայն, հարկ է նկատել, որ վերը նշված հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում երթեւեկության սահմանված արագության գերազանցումը նախատեսվում է սահմանել «11-20 կմ/ժ»: Նախագծի նման տեսքով ընդունումից հետո կստացվի, որ երթեւեկության սահմանված արագությունը ինչպես 1-10 կմ/ժ-ով, այնպես էլ 11-20 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում սահմանվում է տուգանքի միեւնույն չափը, այն է՝ «նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»: Այս կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում փոփոխություն կատարելու հարցը, կամ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությունները, այդ թվում նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումը քննարկել Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի, մասնավորապես՝ 1-ին մասի համատեքստում:

2.5.«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. « Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով : », ուստի առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «2-րդ կետում ավելացնել նոր «2.1» կետ՝» բառերը փոխարինել «2-րդ մասը լրացնել նոր «2.1-րդ» մասով՝» բառերով (տե՛ս Եզրակացության 2.3-րդ կետը):

Բացի այդ, առաջարկում ենք նաեւ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածները միացնել եւ ներկայացնել մեկ հոդվածի տեսքով, քանի որ երկուսն էլ վերաբերում են Օրենսգրքի 124.4-րդ հոդվածին: Առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերախմբագրել Նախագծի 2-րդ հոդվածը եւ փոխել օրենքի ուժի մեջ մտնելու մասինհոդվածի համարակալումը:

Որպես ի գիտություն նշենք, որնմանատիպ առաջարկությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-487-08.04.2014-ՊԱ-010/0 ) տարբերակում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

հեռ. 513- 360