«07» մայիսի 2014 թ.                                                                                                         ՓՎ-ե-72

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-490-10.04.2014-ՏՀ-010/0) , «Շուկայի վերահսկողության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4901 -10.04.2014-ՏՀ-010/0) , «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4902 -10.04.2014-ՏՀ-010/0), «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4903 -10.04.2014-ՏՀ-010/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4904 -10.04.2014-ՏՀ-010/0) եւ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4905 -10.04.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին», «Շուկայի վերահսկողության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան, իսկ Փաթեթի կազմում ընդգրկված օրենքների նախագծերը համահունչ են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Փաթեթի կազմում ընդգրկված «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 3-րդ կետին, իսկ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասը` հակասում է ՀՀ Սահմանդրության 83.5.-րդ հոդվածի 2-րդ կետին:

3. «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3.1 Նախագծի 2-րդ հոդվածում`

ա) «արտադրանքը շրջանառությունից հանելը» հասկացության «ուղղված» բառից հետո, կարծում ենք, անհրաժեշտ է ավելացնել «վտանգավոր արտադրանքի հետկանչին,» բառերը, քանի որ արտադրանքի հետկանչն արտադրանքը շրջանառությունից հանելու ձեւերից մեկն է (առավել եւս, որ դրա սահմանումը նույնպես տրված է այս հոդվածով), իսկ առանց այս ձեւի շեշտման սահմանվող տվյալ հասկացությունը թերի կմնա,

բ) «արտադրանքի շուկայահանում» հասկացության «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «ներքին» բառը, քանի որ ՀՀ-ն կարող է եւ ունի նաեւ արտաքին շուկաներ, որոնց վրա սույն օրենքի գործողությունը չի կարող տարածվել,

գ) «լուրջ ռիսկ» հասկացությունը սահմանվում է որպես. « արտադրանքի օգտագործումից ապառողի կյանքին , առողջությանը , շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգ , ներառյալ այնպիսի վտանգ , որի հետեւանքները կարող են ի հայտ գալ նաեւ ոչ անմիջապես »: Սակայն, ինչպես մասնագիտական գրականությունում, այնպես էլ արդեն իսկ ընդունված որոշ օրենքներում «ռիսկը» սահմանվում է ոչ թե որպես «վտանգ», այլ վտանգի ի հայտ գալու «հավանականություն» (օրինակ` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1.-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն. « Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին , առողջությանը , շրջակա միջավայրին , պետության , իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գույքային շահերին , բնական եւ էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է ` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը : »): Այս կապակցությամբ «լուրջ ռիսկ» հասկացության առաջին «վտանգ» բառն առաջարկում ենք փոխարինել «վտանգի հավանականություն» բառերով:

3.2 Նախագծի 6-րդ հոդվածում`

ա) 1-ին մասից անհրաժեշտ է հանել «վտանգավոր կամ» բառերը, քանի որ որպես օրենքի հասկացություն սահմանված է միայն «լուրջ ռիսկ» հասկացությունը («վտանգավոր ռիսկ» հասկացությունը սահմանված չէ եւ տարընթերցումների տեղիք կարող է տալ),

բ) 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ հանրությանը մատչելի պետք է լինի հետեւյալ տեղեկատվությունը. « տվյալներ արտադրանքի անվտանգության հատկությունների , ներառյալ այդ արտադրանքի օգագործման հետ կապված հնարավոր ռիսկերի բնույթի վերաբերյալ. », սակայն գործնականում այս մասն անհրաժեշտի հակառակ տրամաբանությամբ է ամրագրվում: Խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ օրենքի ամբողջ իմաստը ՀՀ ներքին շուկայում շրջանառող ապրանքների անվտանգության ապահովումն ու բնակչության համար այդ անվտանգության երաշխավորումն է, իսկ այս պարագայում սպառողի համար կարեւոր ու անհրաժեշտ է տեղյակ լինել ապրանքի ոչ թե անվտանգության , այլ ընդհակառակը` վտանգավորության հատկանիշների մասին: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված կետի «անվտանգության» բառը փոխարինել «վտանգավոր» բառով,

գ) 4-րդ մասով սահմանվում, է, որ. « Շուկայում վտանգավոր արտադրանքի զանգվածային տարածման դեպքում այդ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ծավալով կարող է տարածվե լ զանգվածային լրատվության միջոցներով եւ շուկայի վերահսկողության մարմնի ու տնտեսական քաղաքականության բնագավառում լիազորված պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրելու միջոցով: », որի հետ կապված երկու խնդիր է առաջանում: Նախ, տվյալ հոդվածի 1-ին մասում հստակ ամրագրվում է, որ. « Շուկայում առկա` սպառողների անվտանգությանն ու առողջությանը վտանգավոր կամ լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ շուկայի վերահսկողության մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում հայտնի դարձած ցանկացած տեղեկատվություն պետք է մատչելի լինի հանրությանը :», իսկ ցանկացած տեղեկատվության մեջ զանգվածային տարածում ստացած վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվությունն իր նշանակությամբ առաջնային է եւ ամենակարեւորը, ուստի` վտանգավոր արտադրանքի զանգվածային տարածման դեպքում այդ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության ծավալը չի կարող որեւէ կերպ սահմանափակվել, այդ թվում` նաեւ 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծավալներով (այս կապակցությամբ անհրաժեշտ է 4-րդ մասից հանել «սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ծավալով» բառերը, իսկ եթե Նախագծի հեղինակը գտնում է, որ գործնականում դա անհնարին է ապահովել, ապա անհրաժեշտ է գոնե 1-ին մասից հանել «ցանկացած» բառը): Երկրորդ` եթե նույնիսկ որոշ ոչ այնքան էական տեղեկություններ կարող են նաեւ չտարածվել զանգվածային լրատվության միջոցներով, ապա շուկայում վտանգավոր արտադրանքի զանգվածային տարածման դեպքում այդ արտադրանքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության տարածումը չի կարող լինել լիազորված մարմնի հայեցողական իրավունք եւ պետք է պարտադիր տարածվի ԶԼՄ-ների միջոցով, առավել եւս, որ ՀՀ բնակչությունն ինտերնետի 100 տոկոսանոց մատչելիություն չունի, իսկ այն սպառողները, որոնց համար ինտերնետը մատչելի է, չեն կարող ամեն օր հետեւել լիազորված մարմնի ինտերնետային կայքին: Այս կապակցությամբ առաջարկում ենք 4-րդ մասի «կարող է տարածվել» բառերը փոխարինել «տարածվում է» բառերով` հստակ նշելով նաեւ թե այդ տեղեկատվության ժամանակին տարածման համար պետական որ մարմինն պատասխանատու:

3.3. Նախագծի 12-րդ հոդվածով սահմանվում է շուկայի վերահսկողության արդյունավետության ապահովման միջոցառումների սպառիչ (3 կետից բաղկացած) ցանկ, որոնք բացառապես կազմակերպական միջոցառումներ են: Մի կողմից, դրանք, ըստ էության, ոչ այնքան միջոցառումներ, որքան գործառույթներ են, որոնք բնորոշ են (կամ պետք է բնորոշ լինեն) շուկայի վերահսկողություն իրականացնող մարմիններին, իսկ մյուս կողմից` արդյունավետության ապահովման միջոցառումները չեն կարող սպառիչ լինել եւ իրենց բնույթով բազմաթիվ են ու բազմազան: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս հոդվածով սահմանվող դրույթները, ըստ էության, իրավական ծանրաբեռնվածություն չեն կրում (այդ միջոցառումների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը իրավական հետեւանքներ չի նախատեսում, դրանց իրականացումը չափելի կամ գնահատելի չէ եւ այլն), առաջարկում ենք Նախագծից հանել նշված 12-րդ հոդվածը:

4. «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

4.1 Նախագծի 1-ին հոդվածում`

ա) 3-րդ մասով սահմանվում է, որ. « Եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով , այդ թվում` նաեւ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են ոչ պարենային արտադրանքի կոնկրետ տեսակների շուկայի վերահսկողության իրականացման հատուկ կանոններ նույն նպատակով, ինչ սահմանվում է սույն օրենքի դրույթներով, ապա սույն օրենքի դրույթները կիրառվում են շուկայի վերահսկողության հետ կապված միայն այն հարաբերությունների նկատմամբ, որոնք չեն կարգավորվում նշված հատուկ կանոններով : » : Այսինքն, եթե, օրինակ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված լինեն ոչ պարենային արտադրանքի կոնկրետ տեսակների շուկայի վերահսկողության իրականացման հատուկ կանոններ եւ որոշակի կանոններ սահմանված լինեն նաեւ սույն օրենքով, ապա, ըստ այս մասի պահանջի, պետք է գործեն տեխնիկական կանոնակարգով սահմանված վերահսկողության կանոնները: Այս առումով երկու հիմնական խնդիր է առաջանում.

- նախ` ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն բ ացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում. «իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը.», իսկ «վերահսկողության կանոնները» վերահսկողության «պայմանների եւ կարգի» բաղկացուցիչ մասերից են (ուստի դրանք եւս պետք է սահմանվեն բացառապես օրենքով): Հետեւաբար, վերահսկողության առումով նշված մասով առաջարկվող կարգավորումը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 3-րդ կետին,

- տ եխնիկական կանոնակարգերը, համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, կարող են սահմանվել ինչպես օրենքով, այնպես էլ ՀՀ կառավարության որոշումներով, իսկ ՀՀ կառավարությունն էլ, նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, հաստատում է. «այն տեխնիկական կանոնակարգերը , որոնք օրենքով չեն սահմանվում»: Հետեւաբար, տեխնիկական կանոնակարգերով կամ օրենք չհանդիսացող իրավական այլ ակտերով վերահսկողության մասով սահմանված կանոնների միջեւ հակասության դեպքում սույն օրենքի ուժով պետք է գործեն ավելի ստորադաս իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները, ինչն ուղղակի անթույլատրելի է, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. « Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: », 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. « Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, ... », 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. « Իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի: » (ի սկ այդ դեպքերը վերաբերում են հետեւյալին. «Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ հակասության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը: » ): Այսինքն, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվող կարգավորումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի բերված հոդվածներին եւ արմատական վերանայման կարիք ունի:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծի տրամաբանությանը համապատասխան, դրանով սահմանվում են ոչ պարենային ապրանքների շուկաների վերահսկողության միայն ընդհանուր կանոնները (այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության համաձայն, վերահսկողության բոլոր կանոնները պետք է սահմանվեն միայն օրենքով), իսկ եթե հատուկ կանոններով սահմանվածները հակասեն օրենքով սահմանվածին, ապա այդ կանոնները պետք է ուղղակի տեղափոխել օրենք, որի արդյունքում կառավարության որոշումներով սահմանվող կանոնները կլինեն ոչ թե հատուկ, այլ լրացուցիչ կանոններ եւ որեւէ խնդիր չեն առաջացնի:

բ) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

4.2 Նախագծի 4-րդ հոդվածի «Շուկայի վերահսկողության նպատակը արտադրանքի» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «ընդհանուր» բառը` այս հոդվածի միտքը Փաթեթի կազմում ընդգրկված «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ դրա բովանդակությանը համապատասխանեցնելու նպատակով:

4.3 Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) 7-րդ կետից առաջարկում ենք հանել «պահպանությունը եւ» բառը,

բ) առաջարկում ենք հանել 9-րդ կետը, քանի որ խտրականության եւ անառողջ մրցակցության անթույլատրելիությունը ոչ միայն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ տարբեր օրենքներով, այլեւ չի հանդիսանում տվյալ Նախագծի կարգավորման անմիջական առարկան,

գ) անհրաժեշտ է հստակեցնել 10-րդ կետի դրույթը, ըստ որի շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներից է. « շուկայի վերահսկողության միջոցառումների հավասարությունը` անկախ արտադրանքի ծագման երկրից. », եւ հատկապես « միջոցառումների հավասարություն » հասկացությունը (ըստ երեւույթին խոսքը նորից գնում է խտրականության անթույլատրելիության մասին, ինչի ամրագրումն էլ ավելորդ է),

դ) առաջարկում ենք հանել նաեւ 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերը, քանի որ դրանցով սահմանվածները (այն է` « սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով սահմանված իրավական հիմքերի առկայությունը շուկայի վերահսկողության միջոցներ կիրառելիս», «շահերի բախման կանխումը շուկայի վերահսկողության ընթացքում արտադրանքի նմուշների փորձաքննություն իրականացնելիս» եւ «համագործակցության ապահովումը շուկայի վերահսկողության մարմնի, մաքսային մարմինների եւ տնտեսավարող սուբյեկտների միջեւ» ) ոչ թե սկզբունքներ են, այլ օրենքներովհստակ սահմանված պարտականություններ (իսկ 14-րդ կետով սահմանվողը հենց նույն Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով է սահմանվում որպես երեք սուբյեկտների պարտականություն),

ե) 16-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել «պատասխանատվության արդյունավետություն» հասկացությունը, եւ անհրաժեշտ է հանել « ինչպես նաեւ տուգանքների մեծացումը, եթե տնտեսավարող սուբյեկտի կողմից նախկինում կատարվել են նույն իրավախախտումները » նախադասությունը, քանի որ նշվածը եւս չի կարող սկզբունք համարվել (այն օրենքով սահմանվող ստանդարտ մոտեցում է):

4.4 Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ տնտեսավարող սուբյեկտի անձնական տվյալ կամ առեւտրային գաղտնիք չի համարվում. « արտադրանքի անվտանգության հատկությունների վերաբերյալ » տվյալները, այն դեպքում, երբ ապրանքի անվտանգության վերաբերյալ տվյալները ոչ միայն չեն կարող գաղտնի համարվել, այլեւ անիմաստ է գաղտնի պահել: Տվյալ դեպքում եւս, կարծում ենք, Նախագծի հեղինակը նկատի է ունեցել ոչ թե «անվտանգության» հատկությունների, այլ «վտանգավոր» հատկությունների վերաբերյալ տվյալները, ուստի առաջարկում ենք այս կետի «անվտանգության» բառը փոխարինել «վտանգավոր» բառով:

4.5 Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. « Շուկայի վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտների պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով : », ինչը մասամբ հակասում է ՀՀ Սահմանդրության 83.5.-րդ հոդվածի 2-րդ կետին, որի համաձայն` բացառապես ՀՀ օրենքերով են սահմանվում. « ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները , ինչպես նաեւ...կարգը»: Այս կապակցությամբ առաջարկում ենք այս մասից հանել « դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով » բառերը:

4.6 Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «տեղադրում է իր» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «գործունեության վայրի» բառերը:

4.7 Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի «իրավունքներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «լիազորություններ» բառով` հոդվածի վերնագրին համապատասխանեցնելու նպատակով:

4.8 Նախագծի 16-րդ հոդվածի 9-րդ մասի «մեկ օրվա» բառերն առաջարկում ենք փոխարինել «մեկ աշխատանքային օրվա» բառերով:

5. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

5.1 Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող նոր 8.1.-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. « Նմուշառումը սկսելուց առաջ ստուգում իրականացնող անձը կամ ստուգման խմբի անդամ հանդիսացող համապատասխան ոլորտի մասնագետը պարտավոր է տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչին ներկայացնել փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին որոշման հիմնավորումը եւ ծանոթացնել նրան նմուշառման կարգը : »: Խնդիրը կայանում է նրանում, որ նման դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հիմնավորումը , այլ փորձաքննություն նշանակելու մասին բուն որոշումը, ուստի այս մասի « անհրաժեշտության մասին որոշման հիմնավորումը » բառերն անհրաժեշտ է փոխարինել « մասին որոշումը » բառերով, իսկ «կարգը» բառը` «կարգին» բառով (զուտ խմբագրական իմաստով):

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

6.1 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող նոր` 81 -րդ գլխի 1065 -րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի տեքստում, խմբագրկան առումով, առաջարկում ենք «խախտմամբ կիրառմամբ» բառերը փոխարինել «խախտումով կիրառմամբ» բառերով:

6.2 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող նոր` 81 -րդ գլխի 1068 -րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկի» բառից հետո անհրաժեշտ է ավելացնլ «չափով» բառը:

Փաթեթի կազմում ընդգրկված մյուս` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն ինչպես այս, այնպես էլ մյուս նախագծերում առկա են տեխնիկական եւ խմբագրական բնույթիմի շարք թերություններ (տառասխալներ, անհարկի հապավումներ եւ այլն), որոնք կներկայացվեն Փաթեթի աշխատանքային քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

07.05.2014թ.