«10» ապրիլի 2014 թ.                                                                                                              ՓՎ-ե-48

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-475-27.03.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագիծը համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժնում, որպես լիցենզիայի տրման պահանջ,հաշվետվության ներկայացումը սահմանել շ ինարարության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնող կազմակերպությունների համար, իսկ շ ինարարության ( բացառությամբ շինարարության թույլտվու-թյուն չպահանջող աշխատանքների ) որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների համար ներկայումս սահմանված նույն պահանջը հանել (այսինքն` սահմանել հակառակ կարգավորումը)` նպատակ ունենալով հստակեցնել եւ ամբողջացնել ՀՀ-ում շինարարության ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս կապակցությամբ, կարծում ենք, Նախագիծը պատշաճ հիմնավորված չէ, եւ որի առումով 3 կարեւոր հարցադրում է առաջանում:

1) Եթե շինարարական երկու տիպի կազմակերպություններից մեկը (շ ինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողը )հանդիսանում է հաշվետվություն ներկայացնող, իսկ մյուսը (շինարարություն իրականացնողը)` ոչ, եւ ՀՀ կառավարությունը ցանկանում է ամբողջական տեղեկատվություն ստանալ բոլոր 1600 կազմակերպություններից, ապա ի՞նչ տրամաբանությամբ է առաջարկում շինարարություն իրականաց-նողների համար սահմանել հաշվետվության ներկայացման պահանջ, բայց շ ինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողների համար գործող նույն պահանջն առաջարկում է հանել. չէ՞ որ արդյունքում նորից տեղեկատվություն կստացվի ընդհանուր կազմակերպությունների նույն` մոտ 50 տոկոսից եւ ընդհանուր պատկերը չի փոխվի: Այս կապակցությամբ միանգամայն տրամաբանական կլիներ, եթե առաջարկվեր միայն Նախագծով նախատեսված լրացումը եւ հաշվետվության պահանջ դրվեր միաժամանակ նշված երկու տիպի կազմակերպությունների համար:

2) Եթե խնդիրը կայանում է միայն վիճակագրական տվյալների ստացման եւ դրանց ամփոփ պատկերն ունենալու անհրաժեշտու-թյան մեջ, ապա ՀՀ պետական ցանակացած մարմնի, այդ թվում` Քաղաքաշինության նախարարության համար ՀՀ գործող օրենքներով (մասնավորապես` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով), որեւէ խոչնդոտ չկա այդ տեղեկատվությունը ստանալու կապակցությամբ, իսկ առաջարկվող փոփոխության արդյունքում շինարարություն իրականացնող կազմակերպություն-ների համար ընդամենը կավելանա վարչարարության բեռը եւ նույն հաշվետվությունը, բացի ՀՀ ԱՎԾ-ին տրամադրելուց, կտրամադրվի նաեւ ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը:

3) Եթե, այդուհանդերձ, խոսքը գնում է ՀՀ ԱՎԾ-ին տրամադրվող հաշվետվություններում ներառվող տեղեկատվությունից տարբերվող տեղեկությունների ստացման անհրաժեշտության մասին, ապա Նախագծի հիմնավորումից այդ անհրաժեշտությունը չի երեւում եւ անհրաժեշտ էր ավելի հանգամանալից ներկայացնել խնդրի էությունը (հիմնավորման մեջ խոսվում է բացառապես ՀՀ-ում իրականացվող շինարարության ծավալների եւ ընդհանուր պատկերի մասին):

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության տնտեսական եւ սոցիալական

փորձաքննության բաժնի վարիչ                                                                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

10.04.2014