«25» մարտի 2014 թ.                                                                                                      ՓՎ-ե-35

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-461-13.03.2014-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հայկ Բաբուխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ չնայած Նախագծին կից օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքում նշված է, որայլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա, սակայն գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա: Ուստի առաջարկում ենք փոփոխություն կատարել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասում, քանի որ վերոհիշյալ հոդվածի համաձայն «2. ՈՒժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»: Նշված հոդվածի համապատասխան մասը չփոփոխելու դեպքում ավելորդ եւ արդեն չնախատեսված պատժիչ նորմ կմնա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Ու քանի որ ներկայացված առաջարկը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն է` «2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:», իրավախախտում կատարած անձանց դրությունը բարելավող նորմ է, ուստի առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում ամրագրել նաեւ այդ նորմի հետադարձ ուժ ունենալու կամ չունենալու հանգամանքը:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3.1. Նախագծի վերնագրի «փոփոխություն» բառը առաջարկում ենք փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ Նախագծով ներկայացված են մի քանի փոփոխություններ:

3.2. Նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներում «կետ» բառերը առաջարկում ենք փոխարինել «մաս» բառերով, իսկ «մաս» բառերը` «ենթակետ» բառերով համապատասխան հոլովաձեւերով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3.3. Նախագծի3-րդ հոդվածովառաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի«որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջեւի հողմապակու ներքեւի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ» բառերը հանել: Սակայն, Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում, 18-րդ հոդվածի 1-ին մասի ժա ) ենթակետի եւ 18.2-րդ հոդվածի 1-ին մասում նույնպես առկա են տեխնիկական զննության կտրոնին վերաբերող դրույթներ: Ուստի առաջարկում ենք վերոհիշյալ հոդվածներում նունպես կատարել համապատասխան փոփոխություններ:

3.4. Նախագծի 4-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

ՀՀ ԱԺ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ                                                 Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք. Գեովշանյան,  հեռ.513-636

Ա. Լալայան, հեռ. 513-425