«28» փետրվարի 2014 թ.                                                                                                     ՓՎ-ե-23

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-446-19.02.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող 5.2.-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին:

3. Նախագծով առաջարկվող` « Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նոր 5.1.-րդ եւ 5.2.-րդ հոդվածներին նպատակահարմար կլիներ դնել վերնագրեր, քանի որ Օրենքի բոլոր հոդվածները վերնագրված են:

4. Նախագծով առաջարկվող` Օրենքի նոր 5.1.-րդ հոդվածում`

ա) տեքստից անհրաժեշտ է հանել «աղբահանության եւ պարտադիր նորմերին ուղղված վճարները» բառերը, քանի որ աղբահանությունը եւ պարտադիր նորմերի պահպանությունը հանրային ծառայությունների ոլորտ չեն հանդիսանում եւ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» եւ «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքներով,

բ) էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարման մասով միայն գրավոր (փոստային կամ էլեկտրոնային) եղանակով ծանուցում ստանալուց հետո վճարումների կատարման պահանջ ամրագրելու հետ կապված հարկ է նշել, որ նախ` այս հարաբերությունները եւս « Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին » ՀՀ օրենքի կարգավորման խնդիր չէ (այս օրենքը կարգավորում է բացառապես ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմավորման, եւ ոչ թե նրա գործառույթները, իրավասություները եւ մյուս հարցերը ), ուստի առաջարկվող լրացումը լավագույն դեպքում կարող է կատարվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում (գազի եւ էլեկտրաէներգիայի մասով) եւ ՀՀ Ջրային օրենսգրքում եւ դրանից բխող մյուս օրենքներում (ջրի մասով), ընդ որում` նույն խնդիրն առկա է նաեւ 5.2.-րդ հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանվող սահմանափակման հետ (այսինքն` այդ մասը նույնպես պետք է սահմանվի նշված օրենքներով), երկրորդ` նման պահանջի սահմանումը գործնականում կիրառելը շատ դժվար կլինի (կապված ինչպես փոստային ծառայությունների ժամկետների, այնպես էլ էլեկտրոնային հաղորդակցության մատչելիության համեմատաբար ցածր մակարդակի հետ, հատկապես ՀՀ մարզերում), ինչն էլ կարող է հանգեցնել իրավական այլ ակտերով սահմանված ժամկետներում չվճարումների դեպքերի ավելացմանը եւ անհարկի տույժերի ու տուգանքների գանձմանը,

գ) անհրաժեշտ է հստակեցնել «ս.թ. հունիսի 1-ից» ժամկետը, քանի որ օրենքում «սույն թվականի» բառակապակցության օգտագործումն անթույլատրելի է, իսկ նախատեսվող տարեթիվն էլ անորոշ:

5. Նախագծով առաջարկվող` Օրենքի նոր 5.2.-րդ հոդվածի տեքստի երկրորդ նախադասությունն առաջարկում ենք հանել կամ վերաշարադրել այնպես, որ վերանա այդ նախադասության անորոշությունը: Այն չի համապատասխանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, ըստ որի «Նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ-հրամայական ու պաշտոնական է: »:

6. Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնոււյթի թերություններ, ինչպես նաեւ բացակայում է օրենքն ուժի մեջ մտնելու մասին դրույթը, որը ցանկալի է սահմանել Նախագծով:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի փորձաքննության
վարչության տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ`                                                                    Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

28.02.2014թ.