«17» փետրվարի 2014 թ.                                                                                                     ՓՎ-ե-10

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-431-22.01.2014-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-4311 -22.01.2014-ՊԻ-010/0) եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքում լրացումներկատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝Կ-4312 -22.01.2014-ՊԻ-010/0) ՀայաստանիՀանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

2.1. Նախագծի 1-ին հոդվածի՝

ա ) 2-րդ կետիտեքստում «1-ին մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «առաջին մասով» բառերով, այդ կերպ համահունչ դարձնելով ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) շարադրանքին: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող 204.1.-րդ, 204.2.-րդ, 204.3-րդ, 204.4-րդ, 204.5-րդ հոդվածների 2-րդ, 3-րդ մասերում եւ Նախագծի 4-րդ հոդվածի տեքստում, ուստի առաջարկում ենք դրանցում եւս «1-ին մասով» եւ «1-ին կամ 2-րդ մասով» բառերը համապատասխանաբար փոխարինել «առաջին մասով» եւ « առաջին կամ երկրորդ մասով» բառերով,

բ) 4-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 200-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, մինչդեռ Օրենսգրքի 200-րդ հոդվածը բաղկացած է ընդամենը հինգ մասից : Ուստի, առաջարկվող լրացման համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին` նկատի ունենալով, որ 5-րդ մասից հետո անհրաժեշտության դեպքում պետք է հաջորդի 6-րդ մասը:

2.2.Նախագծի 2-րդ հոդվածի՝

ա ) 1-ին կետով առաջարկվում է Օրենսգրքի 203-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Կեղծվճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր իրացնելը կամ օգտագործելը կամ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր հափշտակելը»: Նկատի ունենալով, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող` Օրենսգրքի 203-րդ հոդվածի նոր 1-ին մասով տեքստի համաձայն ազատազրկում է նախատեսվում նաեւ իրացնելու կամ օգտագործման նպատակով կեղծ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր պատրաստելու համար, առաջարկում ենք «իրացնելը» բառից առաջ լրացնել «պատրաստելը,» բառը,

բ) 2-րդ կետի «առաջին պարբերությունը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «դիսպոզիցիան» բառով, քանի որ Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասը բաժանված չէ պարբերությունների (բաղկացած է դիսպոզիցիայից եւ սանկցիայից),

գ) 2-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան (ըստ Նախագծի՝ 1-ին մասի առաջին պարբերությունը) շարադրել նոր խմբագրությամբ, այն է. «1. Իրացնելու կամ օգտագործման նպատակով կեղծ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր պատրաստելը` ներառյալ հետին թվով ապահովագրության պայմանագիր կնքելը, ակնհայտ կեղծ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր իրացնելը կամ օգտագործելը կամ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր հափշտակելը՝»: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող տեքստը խմբագրման կարիք ունի, քանի որ, ի տարբերություն Օրենսգրքի գործող հոդվածի 1-ին մասի , հստակ չէ, թե ո՞ր փաստաթղթերն են համարվում կեղծ վճարային փաստաթղթեր (որոնց պատրաստելը, իրացնելը կամ օգտագործելը առաջացնում է քրեական պատասխանատվություն), քանի որ ՀՀ օրենքներով տրված չէ «վճարային փաստաթղթեր» հասկացության սահմանումը,

դ) 3-րդ կետով առաջարկվող` Օրենսգրքի 203-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ տեքստում «գումարը կամ արժեքը» բառերն առաջարկում ենք փոխարինել «գումարը (արժեքը)» բառերով (տե՛ս Օրենսգրքի 189-րդ հոդվածի 4-րդ մասը, 190-րդ հոդվածի 4-րդ մասը, 202-րդ հոդվածի 4-րդ մասը): Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ նույն մասի 4-րդ կետով առաջարկվող լրացման տեքստին:

2.3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել «Ապահովագրության բնագավառում ակնհայտ սխալ եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը» վերտառությամբ նոր` 204.1-րդ հոդվածով, որի 3-րդ մասով սահմանվում է, որ. «3. Uույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մաuով նախատեսված արարքների համար անձը ենթակա չէ քրեական պատաuխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ ապահովագրական հատուցման մասին որոշման վրա, կամ ... »: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «4. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 204.2-րդ, 204.4-րդ, 204.5-րդ եւ 325-րդ հոդվածների իմաստով՝ ապահովագրական հատուցում է համարվում նաեւ Բյուրոյի կողմից վճարվող (վճարման ենթակա) հատուցումը»: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ փորձագետի, վերանորոգող կազմակերպության ղեկավարի կամ աշխատակցի, բժշկի կամ այլ մասնագետի, ինչպես նաեւ ապահովագրական կազմակերպության՝ ապահովագրական հատուցման գործընթացին ներգրավված աշխատակցի կողմից ապահովագրական ռիսկի վրա ազդող հանգամանքների, ապահովագրական պատահարի հանգամանքների կամ վնասի չափի վերաբերյալ ակնհայտ սխալ եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը,հատկապես եթե այդ արարքը զուգորդվել է արհեստական ապացույցներ ստեղծելով կամ կատարվել է շահադիտական դրդումներով, չի կարող նշանակություն չունենալ ապահովագրական հատուցման մասին որոշման վրա, նկատի ունենալով, որ ապահովագրական հատուցումը իրականացվում է ապահովագրական հատուցման մասին որոշման հիման վրա: Բացի այդ, նման ձեւակերպմամբ նախաքննության մարմիններին հնարավորություն է ընձեռվում իրենց հայեցողությամբ որոշելու թե տրամադրված ակնհայտ սխալ եզրակացությունը կամ հաշվետվությունը կարո՞ղ էր արդյոք նշանակություն ունենալ ապահովագրական հատուցման մասին որոշման վրա, թե՞ ոչ: Այս կապակցությամբ հարկ ենք համարումնշել, որ տվյալ դրույթը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀկառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն որոշման 9-րդ կետի համաձայն նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ընթացքում բացահայտման ենթակա կոռուպցիոն հիմնական գործոններ են համարվումլիազորությունների հայեցողական լայն շրջանակի առկայությունը, այդ թվում` որոշումների ընդունման ժամկետների եւ պայմանների, ինչպես նաեւ այլընտրանքային լիազորությունների դիտարկումը: Լիազորությունների հայեցողական լայն շրջանակի առկայությունը հիմնականում դրսեւորվում է որոշակի հանգամանքների առկայության դեպքում պաշտոնատար անձանց սեփական հայեցողությամբ գործելու անհարկի լայն հնարավորություն ընձեռելու միջոցով, այդ թվում` որոշումների ընդունման ժամկետների եւ պայմանների, ինչպես նաեւ այլընտրանքային լիազորությունների դիտարկման միջոցով, հետեւաբար, նաեւ` պաշտոնատար անձին հնարավորություն է ընձեռվում սեփական հայեցողությամբ ընտրություն կատարել վարքագծի տարբերակների միջեւ առանց նախատեսելու, թե որ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է ընտրել վարքագծի այս կամ այն տարբերակը: Ինչպես նաեւ կարգավորման բացերի առկայությունը, որը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով: ՈՒստի, առաջարկում ենք Նախագծի 3- րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 204.1-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ ապահովագրական հատուցման մասին որոշման վրա, կամ» բառերը, կամ, եթե անգամ տեսականորեն հնարավոր է, որ ակնհայտ սխալ եզրակացությունը կամ հաշվետվությունը կարող է նշանակություն չունենալ ապահովագրական հատուցման մասին որոշման վրա, ապա կամայական մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով հստակ սահմանել այդ դեպքերը: Որպես մեր առաջարկության հիմնավորում նշենք նաեւ, որ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նաեւ «Ապահովագրության բնագավառում տեղեկատվության կեղծումը » վերտառությամբ նոր 204.4-րդ հոդվածով, որի բովանդակությունն, ըստ էության, կարծում ենք, նույնն է` ինչ առաջարկվող 204.1-րդ հոդվածի բովանդակությունը, սակայն այս դեպքում ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի կողմից կամ նրանց երրորդ անձանց կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար քրեական պատասխանատվությունից ազատելու որեւէ դրույթ նախատեսված չէ:

2.4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող` Օրենսգրքի 204.-4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի սանկցիաներով նախատեսվում է սահմանել տուգանքի միեւնույն չափը, այն է՝ «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով,... »: Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ նշված 2-րդ մասը վերաբերում է այն դեպքին, երբ նույն արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ խոշոր չափերով ապահովագրավճարի չափը նվազեցնելու կամ ապահովագրական հատուցում ստանալու կամ վճարման ենթակա հատուցման չափը խոշոր չափերով մեծացնելու նպատակով, այսինքն` նկարագրված է նույն արարքը, սակայն ծանրացնող հանգամանքներով: Ուստի, անհրաժեշտ է տարբերակել 1-ին մասի եւ 2-րդ մասի սանկցիաներով նախատեսված տուգանքի չափերը, նկատի ունենալով, որ դրանք որակապես տարբեր արարքներ են եւ չեն կարող պատժվել տուգանքի նույն չափով:

2.5. Նախագծի ամբողջ տեքստում «հետեւյալ խմբագրությամբ .» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

3.1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության քրեականդատավարության օրենսգրքի (1998 թվականի հուլիսի 1-ի, ՀՕ-248)...» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեականդատավարության օրենսգրքի...» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը:»:

4. Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերի ուժի մեջ մտնելու հոդվածների խմբագրությունն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ՝                                        Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ