«04» դեկտեմբերի 2013 թ.                                                                                                   ՓՎ-ե-330

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-401-26.11.2013-ՊԻ-011/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

3. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծի հետագա տեքստում դրանք չեն օգտագործվում:

4. Նախագծով առաջարկվող` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «բ» կետի նոր խմբագրությամբ շարադրանքով նախատեսվում է պետական տուրքի վերադարձման առումով բացառություն սահմանել Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կայացրած եւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերանայման, ինչպես նաեւ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի համար, հիմնավորելով, որ. «...դատարանի կողմից վերոնշյալ, իրականցվող աշխատանքները իրենց բնույթով հանդիսանում են ծառայությունների մատուցում: Մտահոգություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ վճռաբեկ դատարանը ստանում է բազմաթիվ չհիմնավորված բողոքներ, որոնք անհարկի ծանրաբեռնում են վճռաբեկ դատարանի գործունեությունը եւ խոչընդոտում դատարանի բնականոն եւ արդյունավետ աշխատանքը:»:

Մեր կարծիքով, նման մոտեցումն այնքան էլ հիմնավորված չէ, քանի որ`

ա) նշված գործողությունները ոչ թե ծառայության մատուցում է իրենից ներկայացնում, այլ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարում,

բ) համապատասխան պետական տուրքը չվերադարձնելը գործնականում չի կարող էական նշանակություն ունենալ վճռաբեկ բողոքների ներկայացման թվաքանակի նվազեցման իմաստով, քանի որ հետագա քայլերի իրականացման համար դատական այս ատյան դիմելն ուղղակի անհրաժեշտություն է, բացի այն, որ դիմողները, որպես կանոն, չեն ցանկանում կորցնել այս ատյան դիմելու հնարավորությունը,

գ) պետական տուրքի չվերադարձնելը, ըստ էության, վեր է ածվում վճռաբեկ դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման ֆինանսական խոչընդոտի, ինչը ցանկալի եւ արդարացված չի կարելի համարել:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության
վարչության տնտեսական եւ սոցիալական
փորձաքննության բաժնի վարիչ`                                                                             Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

04.12.2013թ.