05.11.2013 թ .                                                                                                               ՓՎ -302

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-369-22.10.2013-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», (փաստաթղթային կոդ` Կ-3691 -22.10.2013-ՊԻ-010/0) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3692 -22.10.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

ՀՀ Սահմանադրությանը եւ այլ օրենքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1.1. Թեեւ հասկանալի է Նախագծով առաջարկվող փոփոխությունների միջոցով օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելը խրախուսելու ու դրանց նպաստելու նպատակը, այնուամենայնիվ, իրավական տեսանկյունից առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացումը՝ «գ)» կետի բովանդակությունը, համաձայն որի դրանում նշված այն օտարերկրացիները, ովքեր էսքրոու հաշվի միջոցով առնվազն 40 միլիոն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք են ձեռք բերում, գույքային առավե լ ությանհիման վրա ձեռք են բերում արտոնություններ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա.» եւ «բ.» կետերում նշված անձանց նկատմամբ, ինչը կարող է դիտվել որպես սահմանադրական նորմի (օրենքի առջեւ հավասարության) խախտում:

Նշված օտարերկրացիներն արտոնություններ են ստանում ինչպես ժամկետային առումներով, այնպես էլ մշտական կացության կարգավիճակի հետ կապվածփաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվելու առումով: Այսպես, Նախագծի 2-րդ հոդվածում ժամկետային առավելություն է տրվում մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնելու 30-օրյա ժամկետի կրճատումը մինչեւ 15-օրյա ժամկետի միջոցով:

Նույն Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում օտարերկրացիների նույն կատեգորիայի համար մշտական կացության կարգավիճակ է տրամադրվում 10 տարի ժամկետով: Սակայն հարկ է նշել, որ գործող օրենքում կացության տարբեր կարգավիճակների դեպքում (մշտական եւ հատուկ) դրանց տրամադրման ժամկետները տարբեր են: Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` 10 տարի ժամկետը տրվում է հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու համար, հետեւաբար նույն օրենքի տարբեր հոդվածների միջեւ առաջանում է հակասություն: Այսինքն` նախագծով առաջարկվում է նույն կացության կարգավիճակ տրամադրելիս սահմանել տարբեր ժամկետներ :Ստացվում է, որ 10 տարվա ժամկետը էապես տարբերվում է ու անհամապատասխանություն է ստեղծում եւ՛ մշտական եւ՛ հատուկ կացության կարգավիճակների համար:

Ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «բ.» կետի դրույթները ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Նշված հոդվածի պահանջների համաձայն. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից , ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»

1.2.Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «քարտը երկարաձգելու» բառերը փոխարինել «քարտի ժամկետը երկարաձգելու» բառերով:

2. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Հաշվի առնելով օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջները, ինչպես նաեւ այն, որ Նախագծի առաջարկը չափազանց խճճված է եւ դժվարընկալելի, ուստի տարընթերցումից խուսափելու նպատակով Նախագծի 1-ին հոդվածում ամրագրված դրույթը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով ՝ հետեւյալ բովանդակությամբ. « 5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված գործարքների վրա», առաջարկում ենք ձեւակերպել հստակ եւ մատչելի` համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջների. «Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի … .:»:

Այդուհանդերձ, մեր ընկալմամբ դրույթն ունի հետեւյալ իմաստը. «Օտարերկրացիների կողմից էսքրոու հաշվի միջոցով առնվազն 40 միլիոն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույքձեռք բերելու, ինչպես նաեւ նշված արժեքով պայմանավորված բոլոր տիպի գործարքները բոլոր դեպքերում ենթակա են նոտարական վավերացման:» Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու նշված դրույթը տեղ չի գտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ մասում, այն է. «Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`1) սույն օրենսգրքում նշված դեպքերում. 2) կողմերից որեւէ մեկի պահանջով, թեկուզեւ օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձեւը չի պահանջվում:»

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3.«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3.1.Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվում է «էսքրոու հաշիվ» տերմինը, որի կիրառումը մեր օրենսդրության մեջ նոր է, ուստի առաջարկում ենք համապատասխան իրավական ակտում տալ նշված հասկացության բացատրությունը` ելնելեվ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42- րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, համաձայն, որի «1.Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»:

4.«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

4.1.Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ օրենք)» բառերը առաջարկում ենք հանել՝ նկատի ունենալով, որ այն այլեւս չի օգտագործվում նախագծում:

5.Նախագծերի փաթեթում օգտագործված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝                                                                                       Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝ Ք. Գեովշանյան

Ք. Մանուկյան

Ա. Լալայան

05.11.2013թ.