« 20 » սեպտեմբերի 2013 թ.                                                                                                ԻՎ-ե-267

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-322-04.09.2013-ՊԻ-010-0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, նախագծով առաջարկվող փոփոխությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.Նախագծի 1-ին հոդվածում նախատեսվում է«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Այս դեպքում պարզ չէ, թե ով է սահմանելու համապատասխան պետական կառավարման մարմնի իրավասությունները արտակարգ դրության ժամանակահատվածում:

3.Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվումէ Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում ստացվում է, որ պարետային ժամ սահմանող մարմինը եթե մինչ այդ պարետատունն էր, ապա առաջարկվող փոփոխությունից չի երեւում ով է սահմանելու պարետային ժամը եւ ովքեր են իրականացնելու արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն իրականացնող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը: Բացի դա, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք երկրների (Ռուսաստան, Բելոռուս, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան) արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող իրավական ակտերում օգտագործվում են «պարետատուն» եւ «պարետ» հասկացությունները:

4.Նախագծի 5-րդ հոդվածում նախատեսվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 13-րդ հոդվածը («Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը») շարադրել նոր խմբագրությամբ` «Պարետային ժամի կանոնները խախտած անձանց բերման ենթարկելը»: Եթե գործող Օրենքի 13-րդ հոդվածով պարետային ժամի կանոնները խախտած անձը ենթակա է ձերբակալման մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում` մինչեւ անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի քան 48 ժամը, ապա Նախագծով առաջարկվող փոփոխությամբ սահմանված չէ, թե ում որոշմամբ է անձը բերման ենթարկվում եւ ինչ ժամկետներում:

5.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                            Ա.ՍԱՐԳՍՅԱՆ