«07» հունիսի 2013 թ.                                                                                                     ԻՎ-ե-223

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-277-06.06.2013-ՍՀ-010/0 ) , «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2771 -06.06.2013-ՍՀ-010/0 ) , «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2772 -06.06.2013-ՍՀ-010/0 ) եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2773 -06.06.2013-ՍՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի պարունակում օրենքով սահմանված չափից պակաս նվազագույն ամսական աշխատավարձի վճարումը արգելող դրույթ: Դրա փոխարեն այն ամրագրված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասում, որը սակայն չի տարածվում հանրային ծառայության ոլորտում աշխատավարձի հետ կապված հարաբերությունների վրա:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր վարձատրության արգելքը սահմանել միայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում` այն տարածելով աշխատանքային եւ հանրային ծառայության բոլոր ոլորտների վրա: Միաժամանակ սահմանել, որ նվազագույն ամսական աշխատավարձի չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից պակաս լինելու դեպքում աշխատողին վճարվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձ:

Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ՝ Ս.Համբարձումյան հեռ.513-650

Հ.Սարդարյան 513-360