« 22 » փետրվարի 2013 թ.                                                                                                 ԻՎ-ե-18 6

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-213-08.02.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետում եւ 2-րդ կետի 10-րդ ենթակետում «ատամնաբուժական» բառը փոխարինել «ստոմատոլոգիական» բառով»: Այս փոփոխությունը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթներին, համաձայն որոնց «...Առանձին դեպքերում հայերեն հապավումների եւ (կամ) տերմինների հետ միաժամանակ ` փակագծերում, կարող են կիրառվել միջազգային ճանաչում ստացած կամ ընդունված լատիներեն կամ անգլերեն հապավումներ եւ (կամ) տերմիններ» եւ «...Իրավական ակտերում չի թույլատրվում ... օտարալեզու տերմինների անհարկի օգտագործումը»: Բացի այդ, Օրենքի 7-րդ հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետում սահմանված է «ատամնաբուժական գործունեություն» հասկացությունը, մինչդեռ Նախագծին կից ներկայացված իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում չի նշվում, թե ինչով է պայմանավորված առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը, ինչն իր հերթին անհասկանալի է դարձնում փոփոխության իմաստը:

2.2.Նախագծի եւ 1-ին հոդվածում եւ 2-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված են կատարել նույնաբովանդակ փոփոխություններ («ատամնաբուժական» բառը փոխարինել «ստոմատոլոգիական» բառով), ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետը 1-ին հոդված տեղափոխելու հարցը:

2.3.Նախագծի 3-րդ հոդվածում նշված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Այս դրույթը չի համապատասխանում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջին, այն է` «Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից»: Բացի այդ, բաց է մնում 2013թ. հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը կատարված վճարների հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա. Սարգսյան հեռ. 513-659