«1 3 » փետրվարի 2013 թ.                                                                                                  ԻՎ-ե-18 2

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-201-01.02.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Նախագծի 1-ին հոդվածի բաժանումը մասերի, կետերի եւ ենթակետերի, ինչպես նաեւ դրանց համարակալումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին:

2.2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի «հանել «ատամնաբուժական գործունեություն» եւ «ատամնատեխնիկական գործունեություն» տողերին հաջորդող տողերը» բառերը, տարընթերցումներից եւ սխալներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք փոխարինել «հանել «բազկաթոռ, երեքը գերազանցող» եւ «աշխատատեղ, երեքը գերազանցող» բառերը եւ դրանց շարունակությունը հանդիսացող տողերը» բառերով (քանի որ 3-րդ կետի ձեւակերպումը վերաբերում է աղյուսակին եւ պարզ չէ, թե որ «հաջորդող տողերի» մասին է խոսքը):

2.3. Նախագծի 4-րդ հոդվածում նշված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»:

Փաստորեն օրենքինտրվում է հետադարձ ուժ: Այս դեպքում բաց է մնում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ավել վճարված գումարների վերահաշվարկի կամ վերադարձման հարցը, քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդհոդվածի 4-րդ մասում նշված է` « … Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի ընդունումը հիմք չէ անձի նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցի կամ իրավունքի սահմանափակման կատարման շրջադարձի, այսինքն` վճարված գումարի վերադարձման, վերացված իրավունքի վերականգնման համար, եթե տվյալ ակտով ուղղակիորեն սահմանված չէ հակառակը»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                     Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա. Սարգսյան

հեռ. 513-659