«17» հունվար 2013 թ.                                                                                                         ԻՎ-ե-166

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-184-20.12.2012-ԳԲ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1841 -20.12.2012-ԳԲ-010/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1842 -20.12.2012-ԳԲ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1843 -20.12.2012-ԳԲ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1844 -20.12.2012-ԳԲ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փ աթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում էմիջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, մասնավորոպես՝Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային:

2. Չնայած այն հանգամանքին, որ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է այլ նախագծերի հետ միասին` փաթեթով, այնուամենայնիվ առաջարկում ենք քննարկել «Սննդամթերքի անվտանգության մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» եւ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքներում նույնպես փոփոխություն կատարելու հարցը, այդ կերպ ամբողջական դարձնելով«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ:» պահանջները:

Հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը՝ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, կապազերծման եւ շուկայահանման, ինչպես նաեւ այդ նպատակներով դրանց ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության անվտանգությանն առնչվող հարաբերությունները աշխարհի մի շարք երկրներումկարգավորվում է օրենքով:

3.«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի(այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1.Նկատի ունենալով, որ Նախագծի նպատակը գենետիկորեն ձեւավորված օրգանիզմների գործածության կենսանվտանգության ապահովումն է, ուստի առաջարկում ենք վերնագրի «ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԱՊԱՀՈՎՄԱՆ» բառը:

3.2. Նախագծով նախատեսվում է կանոնակարգել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ազդեցությունը կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր, մինչդեռ, Նախագիծը չի սահմանում յուրաքանչյուր բնագավառում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ազդեցությունը կանոնակարգելու խնդիրները, ինչը թույլ չի տալիս կանոնակարգել նշված ոլորտի խնդիրներն ամբողջովին:

3.3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «կարգավորվում են» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաuտող շրջակա միջավայրում, որը, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ Սահմանադրության պահանջներ են:

3.4. Անհրաժեշտ է Նախագծի 6-րդ հոդվածը ամբողջովին խմբագրել, նկատի ունենալով, որ հոդվածը վերաբերում է կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներին, սակայն հոդվածը միաժամանակ պարունակում է պարտադրող նորմեր:

3.5.Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի եւ 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործում» հասկացությունը առաջարկում ենք փոխարինել «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն» հասկացությամբ, նկատի ունենալով, որ Նախագծի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ 2-րդ հոդվածով տրված է «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն» հասկացության սահմանումը, եւ բացի այդ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:..»:

3.6. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասը Նախագծի 13-րդ հոդվածում ամրագրելու հարցը, նկատի ունենալով, որ Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությանը:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված «ՀՀ կառավարության կողմից սահմանված մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պանաջները համարվում են լիցենզավորման պարտադիր պահանջ:» նախադասությանը:

3.7. Չնայած Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գենետիկորենձեւափոխվածօրգանիզմների գործածության կենսանվտանգության ռիսկի գնահատման կարգըեւ մեթոդական ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնուամենայնիվ,Նախագծինկից հիմնավորման մասին տեղեկանքում նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Այդ կերպ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2.-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի եւ 37-րդ հոդվածի4-րդ մասի պահանջները:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի այլ հոդվածներին:

3.8. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «լիազոր պետական մարմնի (մարմինների) ճանաչումը» բառերը առաջարկում ենք փոխարինել «լիազոր պետական կառավարման մարմնի (մարմինների) ճանաչումը» բառերով:

3.9. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «կառավարման» բառով:

3.10. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասը հստակեցնելու հարցը, նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունը պետք է սահմանի կենսանվտանգության ոլորտումլիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը (տե՛ս Նախագծի 9-րդ հոդվածի 1-ինմասը):

3.11. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «Սույն օրենքի դրույթներից բխող այլլիազորություններ:» բառերը առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:» բառերով (տե՛ս Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասը):

3.12. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «լիազորված պետական մարմիններին», 13-րդ հոդվածի 4-րդ մասի «լիազորված մարմնին», 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «պետական լիազոր մարմնին», 2-րդ մասի «լիազորված պետական մարմնին», 22-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինները» բառերն առաջարկում ենք համապատասխան հոլովով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի այլ հոդվածներին:

3.13. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դրույթը, այն է՝ «իրենց վարչական սահմաններում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կամ հնարավոր գործածության կամ տեղափոխման վերաբերյալ լիազորված պետական մարմիններին գրավոր տեղեկացնելը,»որպես տարածքային կառավարման մարմինների պարտականություն սահմանելու եւ համապատասխան օրենքում լրացում կատարելու մասին հարցերը:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 11-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետին:

3.14. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համաuեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: Անհրաժեշտության դեպքում գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները՝ մասերում:...», մինչդեռ Նախագծի 3-րդ գլուխը բաղկացած է ընդամենը մեկ հոդվածից: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Նախագծի 4-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ եւ 11-րդ գլուխներին:

3.15. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում եզակի թվով օգտագործված «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության» հասկացությունը առաջարկում ենք փոխարինել հոգնակի թվով՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության» հասկացությամբ` Նախագծի տեքստում օգտագործվող համապատասխան հասկացություններին համահունչ դարձնելու նպատակով (տե՛ս Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 3-րդ մասը եւ այլն):

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի այլ հոդվածներին:

3.16. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «փորձագիտական խմբերի», 7-րդ մասի «Փորձագիտական խմբերի» եւ «փորձագիտական եզրակացությունների» բառերը՝ հոդվածի տեքստում օգտագործվող համապատասխան բառակապակցություններին համահունչ դարձնելու նպատակով, առաջարկում ենք փոխարինել «փորձագիտական խմբի», «Փորձագիտական խմբի» եւ «փորձագիտական եզրակացության» բառերով (տե՛ս նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը) եւ բացի այդ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեuված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:»:

3.17. ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները, մինչդեռ Նախագծի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ մի դեպքում լիազոր մարմինը իրավունք ունի դադարեցնել տվյալ գործունեությունը եւ մի դեպքում էլ լիազոր մարմինը պարտավոր է դադարեցնել տվյալ գործունեությունը (տե՛ս Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ եւ 10-րդ մասերը), իսկ նույն հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ «Եթե, սույն հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասով սահմանված ռիսկի փոփոխությունները կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, լիազորված մարմինը պարտավոր է պահանջել մեկուսացված համակարգում օգտագործման պայմանների փոփոխություն, որը չապահովելու դեպքում` պարտավոր է անմիջապես սույն օրենքի համաձայն կասեցնել լիցենզիայի գործողությունը:», սակայն, Նախագծով սահմանված չեն լիցենզիայի կասեցման հիմքերը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծում հստակ սահմանել իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնելու, դադարեցնելու կարգը եւ պայմանները:

3.18. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «13-րդ հոդվածով սահմանված հայտի պահանջները» բառերը անհրաժեշտ է փոխարինել «13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայտում պահանջվող տեղեկությունները» բառերով, քանի որ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով ենսահմանվածհայտում պահանջվող տեղեկությունները:

3.19. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «1-ին եւ 2-րդ կետերում» բառերըանհրաժեշտ է փոխարինել «1-ին եւ 2-րդ մասերում» բառերով:

3.20. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով» բառերը«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով» բառերով փոխարինելու հարցը, քանի որ շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվության տրամադրումը կարգավորվում են նաեւ նշված օրենքի այլ հոդվածներով (տե՛ս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի7-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 9-րդ հոդվածի 5-րդ մասը):

3.21. ՀՀ օրենսդրությանը համահունչ դարձնելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գաղտնի համարվող» եւ Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «գաղտնիք հանդիսացող» բառերը փոխարինել «գաղտնիք կազմող» բառերով (տե՛ս «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը):

3.22. Նախագծի 21-րդ հոդվածի վերնագիրը անհրաժեշտ է համապատասխանեցնել հոդվածի տեքստին, քանի որ նշված հոդվածով սահմանված են միայն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվող անձանց պարտականությունները, մինչդեռ Նախագծի 7-րդ գլուխը եւ միակ 21-րդ հոդվածը վերնագրված են «ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»: Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «...Բաժինների եւ գլուխների վերնագրերը պետք է համապատաuխանեն դրանց բովանդակությանը:»:

3.23. ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը, մինչդեռ Նախագծի 8-րդ գլխի միակ 22-րդ հոդվածի 1-ին մասը անորոշ ձեւով սահմանում է, որ «Հայաստանի Հանարապետության տարածքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ընթացքում Հայաստանի Հանարապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանարապետության պետական լիազորված մարմինները:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 8-րդ գլխում հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը:

3.24. Նախագծի 9-րդ գլուխում անհրաժեշտ է սահմանել դրույթներ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության վերաբերյալ որոշումների կայացման գործում հանրության մասնակցությունը ապահովելու նպատակով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության «Հանրության իրազեկությունը եւ մասնակցությունը» վերտառությամբ 23-րդ հոդվածի 2-րդ մասին եւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին:

3.25. Նախագծի 24-րդ հոդվածի «օրենքով պահպանվող» բառերը առաջարկում ենք փոխարինել «օրենքով սահմանված գաղտնիք կազմող» բառերով (տե՛ս սույն եզրակացության 3.21.կետը):

3.26. Առաջարկում ենք Նախագծի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 25. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:»:

4. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)43-րդ հոդվածի 2- րդ մասի աղյուսակի «14. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժինը լրացնել նոր 2-րդ եւ 3րդ կետերով: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը Օրենքի «Գործունեության այլ բնագավառներ» բաժնում կատարելու հարցը, կամ նախատեսել նոր բաժին:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկված լրացմանը: Նախագծով առաջարկվող լրացումը կատարել Օրենքի «Գործունեության այլ բնագավառներ» բաժնում կամ նախատեսել նոր բաժին:

5. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք)լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

5.1. Նախագծի 1-ին հոդվածի «1 տասհազարապատիկի չափով» բառերը անհրաժեշտ է փոխարինել «10000-ապատիկի չափով» բառերով՝ ապահովելով Օրենքի եւ Նախագծի շարադրանքի համապատասխանությունը (տե՛սՕրենքի 19.4-րդ հոդվածի 1-ին, 4-րդ եւ 5-րդ կետերը):

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածին՝ «տասնհինգհազարապատիկ չափով» բառերըփոխարինել «15000-ապատիկի չափով» բառերով (տե՛ս Օրենքի 19-րդ հոդվածի 7.2-րդ, 7.3-րդ,7.5.5-րդ, 7.7-րդ, 18.8-րդ, 18.8.1-րդ կետերը):

5.2. Նախագծի 1-ին հոդվածով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության՝հետազոտության, ստացման, աճեցման, բազմացման, փորձարկման, պահպանման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման համար նախատեսվում է սահմանել պետական տուրքի միեւնույն չափը, ինչը մեր կարծիքով այնքան էլ տրամաբանական չէ: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել պետական տուրքի չափը ըստ նշված գործողությունների մոտավոր եկամտաբերության, բարդության եւ այլ չափանիշներին համապատասխան սահմանելու հարցը:

5.3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 44-րդ կետով, մինչդեռ Օրենքի 20-րդ հոդվածում արդեն իսկ ամրագրված է 44-րդ կետ : Ուստի անհրաժեշտ է առաջարկվող լրացման կետի համարակալումը փոխել կամ այն համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մաuերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատաuխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաu, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:»:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

6 . 1. Թեեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք ) տուգանքի առավելագույն չափ սահմանված չէ, սակայն Օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց չափը զգալիորեն պակաս է Նախագծով «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության կանոնները խախտելը» վերտառությամբ 90.1-րդ հոդվածով առաջարկվող տո ւ գանքի ` երեսունհինգհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկ չափից: Մասնավորապես , Օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերը որոշ դեպքերում չի գերազանցում երկուսուկեսհազարապատիկը, իսկ ընդամենը մեկ դեպքում՝ չորսհազարապատիկը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով առաջարկվող տուգանքի չափը համահունչ դարձնել վարչական իրավախախտումների համար սովորաբար նշանակվող տուգանքի չափերին:

7. « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրք ում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

7.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրք ի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածի 1-ին մասի, 51-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն տուգանքը կիրառվում է միայն որպես հիմնական պատիժ եւ նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով, ընդ որում տուգանքի չափը դատարանը որոշում է՝հաշվի առնելով դատապարտվողի գույքային դրությունը։ Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդված ով առաջարկվել է Օրենսգիրքը լրացնել «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության կանոնները խախտելը» վերտառությամբ հինգ մասից բաղկացած նոր՝ 298.1-րդ հոդվածով, որի 1-ին մասի սանկցիայով սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վաթսունհինգհազարապատիկից մինչեւ յոթսունհազարապատիկի չափով, իսկ 2-րդ մասի սանկցիայով՝ նվազագույն աշխատավարձի յոթսունհազարապատիկից մինչեւ յոթսունհինգհազարապատիկի չափով:

Նշված հակասությունը վերացնելու, պատժի նպատակները, ինչպես նաեւ պատժի համաչափությունը ապահովելու նպատակով առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել Նախագծի 1-ին եւ 2-րդ մասերի սանկցիաներում՝ հաշվի առնելով նաեւ, որ Օրենսգրքում պատժատեսակները համակարգված են նվազ խիստ պատժից դեպի առավել խիստը հաջորդականությամբ:

8. Նախագծերի փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու հոդվածներն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին եւ համահունչ դարձնել «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելուհոդվածին:

9. Նախագծերի փաթեթին կից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության լիցենզավորման եւ ռիսկի գնահատման փորձաքննության իրականացման համար սահմանված տարեկան բազային տուրքի չափերը չեն համապատասխանում Նախագծով առաջարկված տարեկան բազային տուրքի չափերին, իսկ « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրք ում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշված է, որ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի 32-րդ հոդվածի պահանջից, մինչդեռ նշված օրենքի նախագիծը բաղկացած է ընդամենը 26 հոդվածից:

10. Նախագծերի փաթեթին կից ներկայացված բյուջետային բնագավառում եւ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություններում նշված են օրենքների նախագծերի վերնագրեր, մասնավորապես՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,որոնք ներառված չեն Նախագծերի փաթեթում, մինչդեռ, ինչպես դրանք, այնպես էլ սույն եզրակացության 2-րդ կետում նշված օրենքները կարծում ենք պետք է ներառված լինեին Նախագծերի փաթեթում:

Նախագծերի փաթեթում առկա են նաեւ խմբագրական, լեզվավոճական եւ տեխնիկական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան հեռ. 513-650