«29» նոյեմբերի 2012 թ.                                                                                                       ԻՎ-ե-132

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-156-27.11.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Օրենքներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք հետեւյալը.

2.1. Առաջարկում ենք քննարկել ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների՝ որպես վերջնական դատական ակտերի պարզաբանման եւ դրանցում ուղղումներ կատարելու նպատակահարմարության հարցը, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ՀՀ սահմանադրական դատարանի դատական ակտերը վերջնական են եւ վերանայման ենթակա են միայն առանձին բացառությունների դեպքում: ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների պարզաբանման անհրաժեշտությունը նվազում է նաեւ այդ որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, որոնք բովանդակում են դիմումում բարձրացված հարցի իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված եզրահանգումները վիճարկվող նորմի սահմանադրականության գնահատման վերաբերյալ:

2.2. Նախագծով նախատեսվում է, որ սահմանադրական դատարանը դատական ակտի պարզաբանման կամ վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու մասին կայացնում է որոշում: Այդ կերպ Նախագծով նախատեսված որոշումը նույնանում է ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունված որոշումների հետ:

2.3. Նախագծում չեն կարգավորվում սահմանադրական դատարանի ակտերի պարզաբանման ընթացակարգի, պարզաբանման արդյունքում ընդունված ակտի հրապարակման կարգի հետ կապված հարցերը:

2.4. Այդուհանդերձ, Նախագծով առաջարկվող լրացումը առավել նպատակահարմար է նախատեսել «Սահմանադրական դատարանի ակտերը, դրանց ընդունման կարգը եւ այդ ակտերին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 9-րդ գլխում, մասնավորապես՝66-րդ հոդվածից հետո՝ հոդվածը ներկայացնելով 66.1. հերթական համարով:

2.5. Նախագծի 1-ին հոդվածի «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 68.1-րդ հոդվածով.» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-իՀՕ-58-Ն օրենքը լրացնել նոր՝ 68.1-րդ հոդվածով.» բառերով՝ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը ( տառերով ) , ամսաթիվը ( այսուհետ՝ ընդունման օր ) թիվը եւ «օրենք» բառը», եւ 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝                                          Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Հ. Սարդարյան հեռ. 513-360