«26» նոյեմբերի 2012 թ.                                                                                                       ԻՎ-ե-127

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-149-20.11.2012-ԳԿ-010/0)վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Հայկ Բաբուխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում:

Համաձայնելով վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան ոլորտին գործող օրենքով տրված արտոնությունների առումով հակակշիռների մեխանիզմ նախատեսելուն, ինչպես նաեւ Նախագծով առաջարկվող փոփոխությունների գաղափարին, այնուամենայնիվ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան :

2. Նախագծով առաջարկվել է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում, մինչդեռ Նախագծին կից ներկայացվել է տեղեկանք ոչ թե գործող օրենքի փոփոխվող հոդվածի, այլ մեկ այլ հոդվածի վերաբերյալ, այդ կերպ խախտվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը:

3. Նախագծով առաջարկվել է փոփոխություններ կատարել Օրենքի 10-րդ, 12-րդ եւ 13-րդ հոդվածներում, որոնցով արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդը զանգվածային տեղեկատվության էլէկտրոնային միջոցներով , զանգվածային լրատվության տպագիր միջոցների առաջին եւ վերջին էջերի վրա , ինչպես նաեւ բնակավայրերում եւ տրանսպորտում : Մինչդեռ, Օրենքի 10-րդ, 12-րդ եւ 13-րդ հոդվածները կարգավորում են այլ հարաբերություններ եւ որեւէ առնչություն չունեն առաջարկվող փոփոխությունների հետ:

4. Օրենքում փոփոխություններ կատարելու մասին Նախագծին կցված «Ապրանքների առանձին տեսակների առանձնահատկությունները» վերտառությամբ գործող օրենքի 15-րդ հոդվածից, որն ըստ էության ներառում է արգելող նորմեր, ենթադրվում է, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պետք է կատարվեն նշված հոդվածի 10-րդ, 12-րդ եւ 13-րդ մասերում:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Նախագիծն ամբողջությամբ լրամշակելու հարցը եւ առանց բովանդակային փոփոխության ներկայացնում ենք հետեւյալ տարբերակը՝


                                                                                                                                        ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի15-րդ հոդվածում՝

ա) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«10. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով:»:

բ) 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան գովազդը զանգվածային լրատվության տպագիր միջոցների առաջին եւ վերջին էջերի վրա:»:

գ) 13-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«13. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան արտաքին գովազդը բնակավայրերում եւ գովազդը տրանսպորտում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Առաջարկում ենք քննարկել Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասը ուժը կորցրած ճանաչելու կամ վերաշարադրելու հարցը, քանի որ եթե արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով, ուրեմն անիմաստ է դառնում վիճակախաղի, շահումով խաղի, կամ խաղատան գովազդի ժամանակ դրամական միջոցների ցուցադրումն արգելող դրույթը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻ Ն ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                        Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ