«20»սեպտեմբերի 2012 թ.                                                                                        ԻՎ-ե-72

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վենչուրային հիմնադրամների մասին» (փաստաթղթային կոդ` Պ-081-11.09.2012-ՏՀ-010/0), «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-0811 -11.09.2012-ՏՀ-010/0 ), «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-0812 -11.09.2012-ՏՀ-010/0 ) եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-0813 -11.09.2012-ՏՀ-010/0 ) ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներՄհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Կարեն Բոթոյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

2. «Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «Վենչուրային հիմնադրամ» հասկացությունը, մեր կարծիքով, չի բացահայտում վենչուրային գործունեության իմաստը:

2.2. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով (որը սխալմամբ համարակալված է 3) սահմանվում է, որ «Վենչուրային հիմնադրամի կողմից զուտ շահույթը (կուտակված շահույթ) մասնակիցներին բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին վենչուրային հիմնադրամի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին վենչուրային հիմնադրամում առկա չբաշխված զուտ շահույթի գումարին»:

Կարծում ենք, որ նման ձեւակերպումը խմբագրման եւ հստակեցման կարիք ունի, քանի որ եթե կորուստները հավասար են կամ գերազանցում են զուտ շահույթի գումարին, ապա նման դեպքում զուտ շահույթ չի կարող լինել:

2.3. Նախագիծը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ եւ 124-րդ հոդվածների եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, մասնավորապես, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող ոչ առեւտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական եւ (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:»: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Վենչուրային հիմնադրամը կարող է ստեղծվել ցանկացած առեւտրային իրավաբանական անձի ձեւով, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների», մինչդեռ, այդպիսի կարգավորումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմնադրամների գաղափարախոսությունից,մասնավորապես` հիմանադրամըկարող է ստեղծվել բացառապես ոչ առեւտրային իրավաբանական անձի ձեւով:

2.4. Նախագծում բացակայում են վենչուրային գործունեության պետական կարգավորման մասին դրույթները (լիցենզավորում, վերահսկողություն եւ այլն):

2.5. Նախագծում կան հստակեցման կարիք ունեցող բազմաթիվ դրույթներ, որոնք անհրաժեշտ է քննարկել աշխատանքային կարգով` համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

3.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»,

3.2. Նախագծի վերնագրի «Վենչուրային հիմնադրամների մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

4. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

4.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով: Մինչդեռ, գործող օրենքի 8-րդ հադվածը արդեն իսկ պարունակում է 5-րդ մաս: Այդ կապակցությամբ առաջարկում ենք այն համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի. « Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադաuություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:»:

4.2. Հարկ է նշել,որ Նախագծով ներկայացված արտոնությունների մի մասն արդեն իսկ սահմանված են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես, 8-րդ հոդվածի համաձայն հարկատուի կանոնադրական կապիտալում կատարված ներդրումները եկամուտ չեն համարվում եւ այլն:

5. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

5.1.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 14-րդ կետով, իսկ 15-րդ հոդվածը` 29-րդ կետով: Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. « Գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մաuի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաu, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:»:

Հարկ է նշել, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ կետը ուժը կորցրել է 26.12.2000թ. ՀՕ-126 օրենքով, իսկ 15-րդ հոդվածի29-րդ կետը` 04.10.2005թ. ՀՕ-182 օրենքով:

6. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

6.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով: Մինչդեռ, գործող օրենքի 40-րդ հադվածի նույն մասն արդեն իսկ բառացիորեն պարունակում է համապատասխան դրույթը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Հ.Սարդարյան,հեռ. 513-360

Ք. Պետրոսյան, հեռ. 513-489