«14»սեպտեմբերի 2012 թ.                                                                                           ԻՎ-ե- 69

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-078-06.09.2012-ՍՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծի 2-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող» բառերը անհրաժեշտ է փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող » բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, այն է` «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը հետապնդում է հետեւյալ նպատակը: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010թվականի դեկտեմբերի 22-ի օրենքի դրույթների միջոցով կենսաթոշակի հաշվարկման դեպքում թոշակառուն ավելի քիչ գումար է ստանում, քան նախկինում, մասնավորապես` տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ` քաղաքացին վճարվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար: Այսպես, եթե նախկինում քաղաքացուն վճարվում էր 3 տարվա համար, ապա այժմ կենսաթոշակը վճարվում է միայն 1 տարվա համար:

Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը նախատեսում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Իր հերթին, ՀՀ սահմանադրական դատարանի 723 որոշմամբ սահմանվել է. «Օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա»:

Անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական հետադարձության ուժի մերժման սկզբունքն ամրագրվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Նշված դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` անձի կենսաթոշակային վիճակը վատթարացնող իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, եթե անհամաչափորեն սահմանափակում են անձի կենսաթոշակային իրավունքները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                                Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Ա.Սարգսյան, հեռ. 513-659